Իսրայելական պաշտպանական ընկերությունները «տեխնիկական ստուգումից» հետո հեռացվել են Դուբայում կայանալիք ավիաշոուին մասնակցությունից, հայտնում է AFP-ն։
«[Իսրայելական] ցուցահանդեսի մասնակիցները, որոնք արդեն եկել են, չեն մասնակցելու»,– ասել է Informa Markets ընկերության գործադիր տնօրեն Թիմ Հոուզը՝ ցուցահանդեսի մանրամասների հայտարարմանը նվիրված մամուլի ասուլիսի շրջանակներում։
ԱՄԷ-ն նախազգուշացրել էր Իսրայելին, որ Արևմտյան ափի ցանկացած բռնակցում Աբու Դաբիի համար կարմիր գիծ կդառնա, որը լրջորեն կխաթարի Աբրահամյան համաձայնագրերի ոգին, որոնք կարգավորել էին երկու երկրների միջև հարաբերությունները։ Աբրահամյան համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում, թույլ են տվել ԱՄԷ-ին, Բահրեյնին և Մարոկկոյին կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։
«Ի սկզբանե մենք համաձայնագրերը դիտարկում էինք որպես պաղեստինցի ժողովրդին տրամադրվող շարունակական աջակցություն և նրանց անկախ պետություն ունենալու օրինական ձգտումն ապահովելու միջոց»,– հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական և դեսպանորդ Լանա Նուսեյբեն Reuters գործակալությանը։ – Սա էր մեր դիրքորոշումը 2020 թվականին, և այն մինչ օրս էլ մնում է մեր դիրքորոշումը»։




























