Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կառավարությունը հավանություն է տվել Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ միջուկային ռեակտոր կառուցելու մասին համաձայնագրին, հայտնում է Associated Press-ը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բազմամիլիարդանոց գործարքի մասին հայտարարել է Սլովակիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջուկային ամենամյա կոնֆերանսի ժամանակ։ Նա հայտնել է, որ նոր ռեակտորը կկառուցվի Սլովակիայի արևմուտքում գտնվող Յասլովսկե-Բոհունիցեի գործող ատոմակայանում, կունենա ավելի քան 1000 մեգավատ հզորություն և ամբողջությամբ կլինի պետական սեփականություն։

Դեռևս անհայտ է, թե երբ երկու երկրների կառավարությունները կստորագրեն համաձայնագիրը։ Ֆիցոն ավելի մանրամասն տեղեկություններ չի հայտնել, սակայն անցյալ տարի նրա կառավարությունը հավանություն է տվել 1200 մեգավատ հզորությամբ ատոմակայան կառուցելու ծրագրին այն վայրում, որտեղ ներկայումս գերիշխող Slovenské Elektrárne (Սլովակական էլեկտրակայաններ) էներգետիկ ընկերությունը շահագործում է երկու ատոմային էներգաբլոկ։ Ծրագրի արժեքը գնահատվել է 15 միլիարդ եվրո (17,5 միլիարդ դոլար)։

Սկզբում կառավարությունը ծրագրում էր շինարար գտնել բաց մրցույթով, սակայն վերջերս հայտարարել է, որ բանակցություններ է վարում ամերիկյան Westinghouse ընկերության հետ ուղղակի գործարք կնքելու շուրջ։ Սլովակիան մեծապես ապավինում է միջուկային էներգիային և ներկայումս իր էլեկտրաէներգիայի ավելի քան 80%-ը արտադրում է երկու ատոմակայաններում։