Եկատերինբուրգի քաղաքապետարանը խնդրում է քաղաքի Ներքին գործերի նախարարությանն ուսումնասիրել հասարակական տրանսպորտի վարորդներին «ահաբեկող» խուլիգաններին առնչվող իրավիճակը: Դրա մասին ասված է փոխքաղաքապետ Ռուստամ Գալյամովի՝ Եկատերինբուրգի ՆԳՆ վարչության ղեկավար Վիկտոր Պոզնյակին ուղղված նամակում, գրում է 66.ru-ն:
«Իրավիճակը դարձել է կրիտիկական: Հետագա վատթարացումը սպառնում է տրանսպորտային անվտանգությանը: Եթե իրավիճակը չբարելավվի, մենք ստիպված կլինենք դադարեցնել տրամվայի ծառայությունները»,- նշված է նամակում: Քաղաքապետարանը խնդրել է վտանգավոր գոտիներում ստեղծել ոստիկանական պարեկային խմբեր, բացատրական աշխատանքներ կատարել դեռահասների հետ և միջոցներ ձեռնարկել մայիսից ի վեր վարչակազմի ներկայացրած նախկին բողոքների հիման վրա:
Ինչպես գրում է E1.ru-ն՝ դեռահասները հիմնականում հարձակվում են Վտորչերմետ շրջանի տրամվայների և ուղևորների վրա: Առաջին բողոքները ստացվել են այս տարվա մայիսին: Ըստ պարբերականի՝ 11-15 տարեկան արտաքին ունեցող դեռահասները սկզբում խմբերով երթևեկել են՝ տրամվայի վագոնների կցիչներից կախված։ Սակայն հետո նրանք սկսել են տրամվայների վրա ցեխ, ձվեր և քարեր նետել, ինչպես նաև դրանց տակ ճայթռուկներ և մետաղական առարկաներ նետել։ Դեռահասներից մի քանիսը վազել են տրամվայների սրահներով և փորձել երթևեկության ընթացքում բացել տրամվայների դռները։ Վարորդներն ու ուղեկցորդ հսկիչները հայտնել են, որ պատրաստ են դադարեցնել Սոլնեչնի, Վտորչերմետ և Կերամիկա շրջանների սպասարկումը։
Հոկտեմբերի 5-ի կեսօրին դեռահասներից մեկը օդամղիչ ատրճանակով կրակել է տրամվայի վարորդի ոտքին։ «Екатеринбург. Главное» թելեգրամյան աալիքը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Վտորչերմետ շրջանում։ Տրամվայի շարժման պահին զվարճացող դեռահասներին «խելքի բերել» փորձող վարորդի ոտքին կրակել են։ Կրակողը, որը, ինչպես պարզվել է, իններորդ դասարանի աշակերտ է, ձերբակալվել է։





























