Մոսկվան գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայում ռազմական գործողություններ չկան։ Սակայն այսպես կոչված «Թրամփի երթուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Ես չեմ կարծում, թե այդ ծրագիրը հեշտությամբ կիրականացվի։ Շատ հարցեր են առաջանում, հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը գտնվում է տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Այստեղ կան խաղացողներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Հետևաբար, այդ երթուղին պետք է դառնա խաղաղության և համագործակցության ուղի, որը օգտակար կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»,- «Սպուտնիկ ԱՐՄԵՆԻԱ» մուլտիմեդիա հարթակի կազմակերպած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ նշել է Ջաբարովը ։
Ռուսաստանցի սենատորն ընդգծել է, որ ապագա տրանսպորտային զարկերակը պետք է օգուտ բերի բոլոր մասնակիցներին, այլ ոչ թե նախապատվություն տա մեկ կողմին մյուսի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ կարևոր է գտնել շահերի հավասարակշռություն, որպեսզի յուրաքանչյուր երկիր օգուտ քաղի։
Ջաբարովը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում մնում է առանցքային։ Նա կարծում է, որ առանց Մոսկվայի մասնակցության Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն անհնար է։
«Ռուսաստանը միշտ եղել և մնում է Հարավային Կովկասում կայունության և Հայաստանի ու Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ շահագրգռված երկիր։ Այդ ուղին պետք է նպաստի նշված պետությունների զարգացմանը, այլ ոչ թե ծառայի երրորդ երկրների շահերին»,- ընդգծել է խորհրդարանականը։
Նա հավելել է, որ Թրամփն արդեն կատարել է իր դերը և կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Նա նշել է, որ առջևում բանակցություններ են, և կարևոր է, որ դրանց ընթացքում հաշվի առնվեն երկու կողմերի շահերը։





























