Պենտագոնն այս շաբաթվա վերջում, ըստ ամենայնի, կապալառու կընտրի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի համար նոր սերնդի ավիակիրների վրա հիմնված կործանիչներ նախագծելու և կառուցելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Պաշտպանության նախարարությունն ընտրություն է կատարում Boeing և Northrop Grumman ինքնաթիռաշինարարական կորպորացիաների միջև։ Նոր կործանիչը կկոչվի F/A XX և կփոխարինի F/A-18E/F Super Hornet-ին, որը ծառայության մեջ է 1990-ականներից։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն անցյալ շաբաթ հաստատել է նոր կործանիչների համար կապալառու ընտրելու որոշումը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը, ինչպես սպասվում է, կհայտարարեն ընկերության անունն արդեն այս շաբաթվա վերջում, սակայն անանուն պաշտոնյան նշել է, որ գործընթացը կարող է հետաձգվել։
Ավելի վաղ Պենտագոնը 74 միլիոն դոլար էր խնդրել ինքնաթիռի զարգացման ֆինանսավորման համար, որը կապահովի ծրագրի «նվազագույն ֆինանսավորումը»։ Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ցանկանում էին գործընթացը հետաձգել երեք տարով՝ մատակարարման շղթային առնչվող մտահոգությունների պատճառով։ Մինչդեռ Կոնգրեսը 750 միլիարդ դոլար է հատկացրել մշակումն արագացնելու համար և 2026 թվականի ֆինանսական տարում լրացուցիչ 1,4 միլիարդ դոլար կտրամադրի։
F/A XX ինքնաթիռների քանակը, դրանց արժեքը և ծրագրի ժամանակացույցը գաղտնի են պահվում։ Այդ շարքի առաջին ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվեն 2030-ական թվականներին։





























