Ֆրանսիայում քաղաքական անկայունությունը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսական աճի վրա, ինչը համարժեք է 15 միլիարդ եվրոյի կորստի մինչև 2025 թվականի վերջը։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (Agence France-Presse AFP)՝ հղում անելով Ֆրանսիայի տնտեսական իրադրության դիտորդական կենտրոնին (OFCE):
OFCE-ի տվյալներով՝ քաղաքական ճգնաժամը, որը սկսվել է 2024 թվականի հունիսին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ազգային ժողովը լուծարելուց հետո և շարունակվում է մինչ օրս՝ կառավարության վերադասավորումների պայմաններում, 2025 թվականին Ֆրանսիայի տնտեսական աճը կնվազեցնի 0,5 տոկոսային կետով։ Ըստ OFCE-ի ներկայացուցիչ Էրիկ Այերի՝ դա պայմանավորված է նրանով, որ անորոշության ժամանակներում «ընկերությունները դադարեցնում են ներդրումային նախագծերը և դժկամությամբ են վարձում նոր աշխատակիցներ, այն դեպքում, երբ քաղաքացիները նախընտրում են փող խնայել»։ Այերը նշում է նաև, որ հասարակական կյանքի այդքան շատ տարբեր ոլորտների վրա դրա ազդեցության պատճառով դժվար է ճշգրիտ գնահատել քաղաքական ճգնաժամի տնտեսական վնասը։ Արդեն հաղորդվել է, որ քաղաքական ճգնաժամը հանգեցրել է Ֆրանսիայի ֆինանսական շուկայի փլուզմանը և կարող է նպաստել նաև երկրի պետական պարտքի հետագա աճին, որը կազմում է 3,4 տրիլիոն եվրո: Արդյունքում, ըստ Ազգային վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (INSEE), Ֆրանսիայի տնտեսական աճը 2025 թվականին կկազմի ընդամենը 0,8%:
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն ընդդիմության քննադատության ֆոնին հրաժարականի դիմում է ներկայացրել Մակրոնին, նոր կառավարության հայտարարությունից մեկ օր անց, որի 18 տեղերից 13-ը տրվել էին նախորդ կաբինետի ներկայացուցիչներին: Հոկտեմբերի 6-ի երեկոյան Ելիսեյան պալատը հայտարարեց, որ Մակրոնը Լըկոռնյուին հանձնարարել է մինչև հոկտեմբերի 8-ը նոր բանակցություններ վարել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ «գործողության հարթակ սահմանելու համար և հանուն երկրի կայունության»: Եթե այդ բանակցությունները ձախողվեն, Լըկոռնյուն խոստացել է «պատասխանատվություն կրել» հետագա որոշումների համար:





























