ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճանաչողական գործառույթների վիճակի վերաբերյալ մտահոգությունները նրա վարչակազմում աճում են, երեքշաբթի գրել է հայտնի լրագրող, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Սեյմուր Հերշը՝ հղում անելով Սպիտակ տան իր սեփական աղբյուրներին։

Ըստ Հերշի՝ սեպտեմբերի 30-ին Քվանտիկոյի ծովային հետևակի բազայում գեներալների և ծովակալների առջև Թրամփի 71-րոպեանոց ելույթին ներկա զինվորականներն ու պաշտոնյաները մատնանշել են «մտավոր անկարգության և հիմնական թեմաների վրա կենտրոնանալու անկարողության» նշաններ։

«Նախագահը, որը մի ժամանակ ուներ լսարանի տրամադրությունը զգալու հմտություն, այլևս չի կարողանում զգալ դահլիճը, - նշվում է հոդվածում,- Իր արտաքին քաղաքականության տեսակետները հետևողականորեն ներկայացնելու փոխարեն, Թրամփը կրկին թվարկել է իր «ամենամեծ նվաճումները», որոնց թվում՝ յոթ հակամարտությունների ենթադրյալ լուծումը, մասնավորապես՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը»։

Հերշը նշում է, որ նախագահի մերձավոր շրջապատի որոշ անդամներ նման հայտարարությունները համարում են «աճող ճանաչողական խանգարման» մտահոգիչ ախտանիշ, որը դրսևորվում է կենտրոնացման կորստով և նույն արտահայտությունների կրկնությամբ։

Թրամփն նախկինում էլ է բախվել նմանատիպ մեղադրանքների, սակայն Սպիտակ տունը կտրականապես հերքել է դրանք՝ նշելով, որ նախագահը «լիովին վերահսկում է իր աշխատանքային հոսքը և ցուցաբերում է ուշագրավ էներգիա»։ Թրամփը նախկինում նաև պնդել է, որ հաջողությամբ հանձնել է ճանաչողական գնահատման թեստը։ Նա, մասնավորապես, կատակել է, որ թեստը հանձնել է՝ իրեն իր նախորդից՝ Ջո Բայդենից տարբերելու համար և նշել է, որ իրեն գերազանց ֆիզիկական վիճակում է զգում։