Դաշնային կառավարության մասնակի դադարեցման պատճառով Վաշինգտոնի վարչակազմը կարող է իրականացնել ԱՄՆ գերատեսչությունների զգալի կրճատումներ և ժամանակավոր արձակուրդներ, ինչպես նաև կրճատել մի շարք պետական ​​ծրագրեր։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման սկզբում Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այո, իհարկե։ Մենք շատ ծրագրեր ունենք,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը, երբ հարցրել են՝ արդյոք որոշվե՞լ է, թե որ ծրագրերը կարող են կրճատվել ԱՄՆ-ում կառավարության գործունեության դադարեցման պատճառով։ -Չեմ ասի՝ որոնք, սակայն  շուտով կհայտարարենք դրանց մասին։ Բայց շատ բաներ ունենք, որոնք կվերացնենք և կվերացնենք մեկընդմիշտ»,- ընդգծել է նա։

«Կարող եմ ձեզ ասել՝ չորս կամ հինգ օրից, եթե դա [կառավարության գործունեության դադարեցումը] շարունակվի»,- հավելեցլ է Թրամփը՝ նշելով, թե քանի ամերիկյան գերատեսչություն կկրճատվի կամ ժամանակավոր արձակուրդ կանցնի։ Ըստ ամերիկացի առաջնորդի՝ եթե դադարեցումը շարունակվի, այդ թիվը «զգալի կլինի»։ «Եվ այդ աշխատատեղերից շատերը երբեք չեն վերականգնվի։ Բայց մենք շատ ավելի մոտ կլինենք հավասարակշռված բյուջեին»,- հավելել է Թրամփը՝ անդրադառնալով պետական ​​ծախսերի կրճատման հնարավորությանը։

Ըստ ամերիկացի առաջնորդի՝ պետական ​​ֆինանսավորման սառեցումը կարող է ԱՄՆ վարչակազմին հնարավորություն տալ «ազատվել միլիարդավոր դոլարների վատնումից, խարդախությունից և չարաշահումից»։

Թրամփը միաժամանակ չի բացառել այն հնարավորությունը, որ պետական ​​ֆինանսավորման վերականգնումից հետո ԱՄՆ որոշ գերատեսչությունների աշխատակիցներ հետին թվով աշխատավարձ չեն ստանա։