Բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆերթը, ով վերջերս մարմնավորել էր Գեորգ VI արքային, արժանացել է Բրիտանական կայսրության հրամանատարական կարգի շքանշանի: Դերասանին բարձր մրցանակը շնորհել է էկրանային հերոսի թոռը` Ուելսի արքայազնը:
2010թ. «Արքան խոսում է» պատմական դրամայում Ֆերթը խաղացել է միապետի դերը, որը փորձում էր հաղթահարել լեզվական արատը` ավստրալացի լոգոպեդ Լայոնել Լոգի օգնությամբ: Կերպարի փայլուն մարմնավորման համար նա մի շարք պատվավոր մրցանակների է արժանացել, այդ թվում` Կինեմատոգրաֆիական եւ հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի եւ «Օսկար» ոսկե արձանիկի:
1984թ. սկսելով դերասանական գործունեությունը` Ֆերթը կինոքննադատների ուշադրությունը գրավել է միայն 1995թ., երբ Ջեյն Օսթինի «Հպարտություն եւ նախապաշարմունք» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում խաղացել է պարոն Դարսիի դերը: Նրան մեծ հռչակ բերեց նաեւ Վալմոնի դերը Միլոշ Ֆորմանի համանուն ֆիլմում, որը նկարահանվել էր Շոդերլո դը Լակլոյի «Վտանգավոր կապեր» գրքի հիման վրա: Ֆերթի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Անգլիացի հիվանդը», «Սիրահարված Շեքսպիրը», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Մարգարտե ականջօղով աղջիկը», «Իրական սեր» եւ այլն:
Թատրոնում եւ կինոյում հանդես գալուն զուգահեռ, Ֆերթը նաեւ գեղարվեստական արձակ գործեր է հեղինակում:
2005թվականից Ֆերթը նաեւ Իտալիայի Աստղի հրամանատարական կարգի շքանշանակիր է: 2011թ. Ֆերթի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում նոր աստղ է բացվել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























