Նիգերիայի նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Ուչե Ննաջին հրաժարական է տվել այն բանից ընդամենը մի քանի օր անց, երբ մամուլում մեղադրանքներ հայտնվեցին, թե նա կեղծել է իր ակադեմիական փաստաթղթերը, հայտնում է BBC News-ը։
Հրաժարականը հաջորդել է մի թերթի հետաքննությանը, որտեղ պնդվում էր, թե Ննաջին կեղծ վկայականներ է ներկայացրել նախագահ Բոլա Թինուբուին՝ 2023 թվականին նախարարի պաշտոնում նշանակվելիս։
Նախագահի մամուլի խոսնակ Բայո Օնանուգան հաստատել է Ննաջիի հրաժարականը՝ մեջբերելով նախարարի խոսքերը, ըստ որի նա «քաղաքական հակառակորդների շանտաժի թիրախ» է դարձել։
Ննաջին մերժել է փաստաթղթերի կեղծման մեղադրանքները և պնդել, որ ինքն իսկապես ավարտել է Նսուկկայի Նիգերիական համալսարանը (UNN)՝ «Մանրէաբանություն/կենսաքիմիա» մասնագիտությամբ։ Փաստաթղթերի կեղծման մեղադրանքները վրդովմունք են առաջացրել որոշ նիգերիացիների շրջանում՝ Premium Times թերթի կողմից իրականացված երկամյա հետաքննությունից հետո։
Անցյալ շաբաթ բուհը, ինչպես հաղորդվում է, տեղեկացրել է պարբերականին, որ չունի գրառումներ, որոնք կհաստատեին, որ նախարարը ստացել է բակալավրի աստիճան 1985 թվականին, ինչպես ինքն էր պնդում։ Համալսարանի բարձրաստիճան աշխատակիցը թերթին հայտնել է, որ Ննաջին ընդունվել է 1981 թվականին, սակայն այդպես էլ չի ավարտել ուսումը և չի ստացել վկայական։ Երիտասարդության հարցերով ազգային կորպուսը (NYSC) նույնպես հայտնել է, որ չի կարողացել ստուգել ազգային ծառայության պարտադիր վկայականը, որը Ննաջին ներկայացրել էր 2023 թվականի ապրիլին։





























