Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փոփոխություններ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագրում, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը չի ընդունի, հաղորդում է բրիտանական Financial Times-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի։

Ըստ պարբերականի՝ արաբական երկրները մտահոգված են, որ Նեթանյահուն մի շարք փոփոխություններ է արել ամերիկացի առաջնորդի ծրագրում, մասնավորապես՝ իսրայելական զորքերի վերաբաշխման ժամկետների և վայրի, ինչպես նաև Պաղեստինի ազգային ինքնավարության ապագա դերի վերաբերյալ։

«Արաբական երկրները նշում են, որ Նեթանյահուի՝ գործարքի վերանայման ձևը ՀԱՄԱՍ-ը երբեք չի ընդունի։ Մենք վերադարձել ենք մանրամասների քննարկմանը՝ [փաստաթուղթը] ավելի իրատեսական և երկու կողմերի համար ընդունելի դարձնելու համար»,- Financial Times-ին ասել է դիվանագետը։

Եգիպտոսում երկուշաբթիից ընթանում են ՀԱՄԱՍ-ի և իսրայելական պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ՝ Գազայի հատվածում երկամյա պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի վերաբերյալ։

Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագիրը, որը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին, ներառում է 20 կետ և կոչ է անում անհապաղ հրադադարի՝ կախված պատանդների 72 ժամվա ընթացքում ազատ արձակումից: Փաստաթղթում նաև առաջարկվում է, որ ՀԱՄԱՍ-ը և  պաղեստինյան այլ խմբավորումներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն չմասնակցեն Գազայի հատվածի կառավարմանը. փոխարենը վերահսկողությունը պետք է փոխանցվի միջազգային վերահսկողության ներքո գտնվող տեխնոկրատական ​​​​մարմնին, որը գլխավորում է անձամբ Թրամփը: