Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է գործող վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն France 2-ին տված հարցազրույցում։
Կառավարության ղեկավարը հայտարարել է այլ կուսակցությունների հետ բանակցելու իր առաքելության ավարտի մասին։
Նա բացառել է վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունը, բայց պնդել է, որ «ելք գոյություն ունի» և կոչ է արել ստեղծել կառավարություն, որը «լիովին կառանձնանա 2027 թվականի նախագահական նկրտումներից»։
Ավելին, Լեկորնյուն մերժել է նոր խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը։
«Ազգային ժողովում կա բացարձակ մեծամասնությունը, որը դեմ է լուծարմանը։ 210 պատգամավոր աջակցում է կայունության հարթակին։ Այս մեծամասնությունը կարող է հիմք հանդիսանալ Մակրոնի համար նոր վարչապետ նշանակելու համար», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, Լեկորնյուն վճռականորեն մերժել է Մակրոնի որոշ նախկին դաշնակիցների կոչերը, որ նա հրաժարական տա 2026 թվականի բյուջեի ընդունումից հետո։
«Հիմա նախագահին փոխելու ժամանակը չէ», - ընդգծել է վարչապետը՝ որպես կառավարության ամենաբարձր մակարդակում կայունությունը պահպանելու լրացուցիչ պատճառներ նշելով համաշխարհային անկայունությունը և Ֆրանսիայի դիվանագիտական դերը։
Լեկորնուն նաև նշել է, որ նոր բյուջեի նախագիծը խորհրդարան կներկայացվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովն այժմ ունի «մի քանի քաղաքական կուսակցությունների շատ հարաբերական մեծամասնություն, որոնք, ըստ էության, պատրաստ են համաձայնության գալ համատեղ բյուջեի շուրջ»։
«Դա կատարյալ չի լինի։ Կլինեն բազմաթիվ քննարկումներ։ Քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի, պետք է ձևավորվի կառավարություն, և խորհրդարանում պետք է սկսվի իրական բանավեճ», - հայտարարել է վարչապետը։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք նա իր առաքելությունը հաջողված է համարում, Լեկորնուն դադար է տվել, ապա խոստովանել. «Ոչ այնքան։ Ես ամեն ինչ փորձեցի»։




























