ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայել կատարելիք իր ծրագրված այցի ընթացքում հնարավոր է ելույթ ունենա Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան), հայտնել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը։
«Նախագահ Թրամփն ինձ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքը հավանաբար մոտ օրերս կմեկնի Իսրայել և գուցե ելույթ ունենա Քնեսեթում»,- գրել է նա հինգշաբթի օրը X սոցիալական ցանցում։
«Նրանք ցանկանում են, որ ես ելույթ ունենամ Քնեսեթում և ես անպայման կանեմ դա»,- մեջբերել է Ռավիդը Թրամփի խոսքերը։
ԱՄՆ նախագահը, խոսելով Գազայի հատվածի շուրջ ձեռք բերված համաձայնագրի մասին, ընդգծել է. «Սա մեծ օր է Իսրայելի և ամբողջ աշխարհի համար»։
«Իմ խոսակցությունը Բիբիի (Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու - ԻՖ) հետ հիանալի էր։ Նա այնքան երջանիկ է։ Այդպես էլ պետք է լինի։ Սա մեծ նվաճում է։ Ամբողջ աշխարհն է միավորվել այս համաձայնագիրը կնքելու համար, ներառյալ նաև թշնամի երկրները»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Ինչպես հաղորդվել էր, նախօրեին Թրամփը չէր բացառել, որ առաջիկա օրերին անձամբ կայցելի Մերձավոր Արևելք։
«Հնարավոր է, որ ես ինքս գնամ այնտեղ՝ այս շաբաթավերջին։ Հնարավոր է, որ դա անեմ կիրակի օրը», - նշել է ամերիկացի նախագահը։





























