ԱՄՆ-ում դիվանագետին աշխատանքից ազատել են Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ ենթադրյալ կապ ունեցող չինացի կնոջ հետ ունեցած ռոմանտիկ հարաբերությունների պատճառով։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Նրա տեղեկություններով, ԱՄՆ Պետդեպարտամենտը չորեքշաբթի օրը հայտարարել է ամերիկացի դիվանագետին աշխատանքից ազատելու մասին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն եկել են այն եզրակացության, որ նա «խոստովանել է, որ թաքցրել է Չինաստանի քաղաքացու հետ ռոմանտիկ հարաբերությունները, ով հայտնի է Կոմունիստական կուսակցության հետ իր կապերով»։ Պահպանողական ակտիվիստ Ջեյմս Օ'Քիֆը համացանցում հրապարակել է գաղտնի կերպով նկարահանված մի տեսանյութ, որտեղ երևում են դիվանագետն ու այդ կինը։

Նշվում է, որ այս հեռացումը կլինի առաջինն իր տեսակի մեջ՝ Չինաստանում ԱՄՆ կառավարության աշխատակիցների համար չինացի քաղաքացիների հետ ռոմանտիկ հարաբերությունների արգելքի խախտման համար, որը մտցվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։

«Պետքարտուղար Ռուբիոյի ղեկավարությամբ մենք զրոյական հանդուրժողականության քաղաքականություն կպահպանենք մեր երկրի ազգային անվտանգությունը վտանգող ցանկացած աշխատակցի նկատմամբ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը։

Դիվանագետի անունը չի հրապարակվում, հաղորդում է AP-ն։

2024 թվականի ամռանը ընդունվել է քաղաքականություն, որն արգելում է ամերիկյան անձնակազմին «ռոմանտիկ և սեռական հարաբերություններ» ունենալ Չինաստանի քաղաքացիների հետ, ովքեր աշխատում են որպես անվտանգության աշխատակիցներ և այլ օժանդակ անձնակազմ Չինաստանում ԱՄՆ դեսպանատան և հինգ հյուպատոսությունների տարածքում։ Հունվարին, Թրամփի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր առաջ, ՉԺՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից հեռացված Նիկոլաս Բերնսը լիակատար արգելք էր մտցրել Չինաստանի ցանկացած քաղաքացու հետ նման հարաբերությունների վերաբերյալ։