ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անօրինական ներգաղթյալների դեմ արշավի շրջանակներում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) բոլոր ակտիվ գործակալների մոտ մեկ քառորդը նշանակվել է անօրինական ներգաղթյալների ձերբակալման վրա աշխատելու համար։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորներին (դեմոկրատ, Կալիֆոռնիա):

Նրա տվյալներով՝ ՀԴԲ-ն ավելի ու ավելի շատ գործակալների է ներգրավում անօրինական ներգաղթյալների դեմ գործողություններում։ Այդ գործակալները նախկինում զբաղվել են ահաբեկչության, թմրանյութերի առևտրի և ծանր հանցագործությունների դեմ պայքարով։ Նշված գրեթե 25% մասնաբաժինը ներառում է հետաքննությունների բյուրոյի այն աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատաժամանակի առնվազն կեսը ծախսում են միգրանտների հետ կապված հանցագործությունների վրա։ Գործողությունների շրջանակներում ՀԴԲ գործակալները հիմնականում օգնություն են ցուցաբերում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցներին։

ՀԴԲ-ի 25 խոշորագույն բաժանմունքներում անօրինական ներգաղթյալների դեմ պայքարին մասնակցող աշխատակիցների մասնաբաժինը հասնում է 45%-ի։ Սենատորը նշել է, որ այս տվյալները հետաքննությունների բյուրոյի ներկայացուցիչները հնչեցրել են Սենատի կոմիտեի համար անցկացված ճեպազրույցի ընթացքում։

Երեքշաբթի օրը ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հանդես էր եկել անօրինական ներգաղթյալների դեմ գործողություններին ՀԴԲ-ի ներգրավվածության ընդլայնման օգտին՝ ընդգծելով բոլոր իրավապահ մարմինների կողմից այս ոլորտում իրենց աշխատանքը ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Թրամփը բազմիցս ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն է պաշտպանել։ Նա հայտարարել է ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների դեմ ամենամեծ արտաքսման գործողությունն իրականացնելու իր մտադրության մասին։