«Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտը շարունակում է գործել՝ չնայած ՍԱՏՄ–ի կողմից տարածվող նախազգուշացումներին այն մասին, որ սննդի կետում վտանգավոր սնունդ է վաճառվում։

Տեսչական մարմինը նախօրեին էր հաղորդագրություն տարածել այն մասին, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով խախտումներ են հայտնաբերվել հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշում, ինչպես նաև  «մայոնեզ» արտադրատեսակի նմուշում։

Կազմակերպության փաստաբանը Արտակ Խաչատրյանը NEWS.am–ի զրույցում նշեց, թե ՍԱՏՄ աշխատակիցների կողմից ստուգումներ իրականացնելու ընթացքում տնտեսվարողը տեղում չի եղել, այդ պատճառով էլ առձեռն չի ստացել մասնաճյուղի կասեցման որոշումը, հետևաբար չի կասեցրել սննդի օբկյետի մասնաճյուղի գործունեությունը։

«Տեսչությունից եկել են, պատասխանատուներից ոչ մեկը տեղում չի եղել, փոստով են առաքել որոշումը։ Այդ ընթացքում ոչ մի բանից տեղյակ չենք եղել, լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունն ենք տեսել, որ կասեցվել է գործունեությունը, հերքել ենք։ Տեսչությանն էլ ենք ասել՝ փորձաքննության արդյունքներին կծանոթանանք, ըստ այդմ էլ կգործենք»,–ասաց փաստաբանը՝ նշելով, թե չգիտի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են, թե ոչ։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը սակայն, NEWS.am–ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ ՍԱՏՄ տեսուչը հեռախոսով զրուցել է անհատ ձեռնարկատիրոջ հետ և հարցրել, թե որտեղ է նա գտնվում՝ կասեցման որոշումը նրան առձեռն փոխանցելու համար։ 

«Տեսուչն ասել է՝ որտե՞ղ կարող եմ որոշումն առձեռն փոխանցել, որպեսզի սննդի օբյեկտի գործունեությունը մեկ րոպե շուտ կասեցվի, որովհետև վտանգավոր սնունդ է իրացվում։ Անհատ ձեռնարկատերն ասել է՝ ինձ հարմար չէ, գնացե՛ք փոստով ուղարկեք։ Հիմա փոստի աշխատակիցը տանի որոշումը, նա կարող է ասել՝ տեղում չեմ, չեմ ընդունում որոշումը»,–ասաց Հարությունյանը նշելով, որ այսօր ևս մեկ անգամ են հրապարակում կատարել ՍԱՏՄ–ի պաշտոնական էջում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սննդի օբեկտն իր պաշտոնական էջում կեղծ է անվանել տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունն ու նշել, թե իրենց բոլոր մասնաճյուղերը բաց են։

Մեր հարցին՝ վտանգավոր սնունդը վերացվե՞լ է սննդի օբյեկտից, թե՞ շարունակել են վաճառել նույն սնունդը, կազմակերպության փաստաբան Արտակ Խաչատրյանը պատասխանեց.

«Խնդիրների մասին տեղյակ չենք։ Ուղղակի քանի որ եկել են ստուգումների, մեր ուժերով միջոցներ ենք ձեռնարկում, կարգի ենք բերում, ևս մեկ անգամ դիմում ենք, ասում ենք՝ եթե խախտումներ կան... եթե չհայտնաբերվեց՝ ուրախ ենք, եթե հայտնաբերվեց...»։

Ճշտող հարցին՝ ՍԱՏՄ–ի կողմից վտանգավոր որակված սնունդը վերացվե՞լ է, փաստաբանը այդպես էլ հստակ չպատասխանեց։

Արտակ Խաչատրյանը նշեց, որ ՍԱՏՄ գրություն են ուղարկել այն մասին, որ ենթադրյալ բոլոր ռիսկերը վերացված են և խնդրել են կրկնակի ստուգումներ իրականացնել։ ՍԱՏՄ–ից սակայն, հակադարձում են՝ ռիսկերը չեն կարող վերացվել առանց սննդի օբյեկտի գործունեության կասեցման։

«Կասեցումը պետք է իրականացվի, դրանից հետո ինքը նույն արտադրանքը նորից թողարկի, մենք գնանք այդ ապրանքը լաբորատոր փորձաքննության ենթարկենք, արդյունքներով պարզվի, որ խնդիրներ առկա չեն, այդ դեպքում միայն կասեցումը վերացվեն»,–ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։