Ադրբեջանի նախագահը վաղուց է զարգացնում ամեն տեսակի հռետորաբանություն Ռուսաստանի և ինքնաթիռի վթարի առնչությամբ նրա մեղավորության մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով, անդամ երկրների և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Բայց երանի թե բանը միայն հռետորաբանությամբ սահմանափակվեր... մենք գիտենք այս ընթացքում նրա ձեռնարկած գործողությունների մասին՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով՝ ցույց տալով իր անհամաձայնությունը Ռուսաստանի հետ, ցուցադրաբար օգնություն ցուցաբերելով Ուկրաինային և այլն։
Այս ամենը ավելորդ անգամ ջրի երես հանեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերությունը, որը չի հանգում ինքնաթիռի վթարին։ Բայց քանի որ այս ինքնաթիռի միջադեպը տեղի է ունեցել, հենց այս միջադեպի վրա էր Ռուսաստանի նախագահը կենտրոնացել այսօրվա հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը կրկնեց իրեն արդեն ասված ամեն ինչ և ավելի մանրամասն բացատրեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել, մասնավորապես նշելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից օդանավակայանի վրա հարձակումը, որը, ցավոք, տեղի ունեցածի հիմնական պատճառն էր։
Այս հանդիպումը կապված է հարաբերությունները կարգավորելու ցանկության հետ։ Ես Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չունեցող ռազմավարական գործընկերության ջատագով չեմ։
Մենք ունենք առևտրատնտեսական կապեր՝ մշակութային և այլ, բայց իսկական դաշինքը, բառի լիարժեք իմաստով պատկանում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։ Միևնույն ժամանակ, ես հանդես եմ եկել հարաբերությունների կարգավորման օգտին։ Հարևան ցանկացած երկրի հետ հարաբերությունների կարգավորումը լիովին օրինական գործընթաց է, տրամաբանական և անհրաժեշտ՝ միջպետական հարաբերությունների վիճակի վերաբերյալ հանգսիտ լինելու համար։
Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ մենք պետք է որևէ պատրանք ունենանք Ադրբեջանի հետ այս դաշինքի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այս հանդիպումը ոչ մի կերպ մեզ որևէ պատրանք ունենալու պատճառ չի տալիս»,- նշել է Զատուլինը։





























