Հոկտեմբերի 10-ի գիշերը ռուսական ուժերը անօդաչուներով եւ հրթիռներով հարված են հասցրել Կիեւին։ Գրոհի հետեւանքով հրդեհ է առաջացել Պեչորսկի շրջանի 17 հարկանի բնակելի շենքում, վնասվել են Գոլոսիեւսկի շրջանի 10 հարկանի բնակելի շենքի պատուհաններն ու ճակատային մասը, հայտնել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 12 մարդ, որոնցից ութը հոսպիտալացվելէ։

Ռուսական հարվածի հիմնական թիրախները էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներն են եղել։ Կիեւի վեց շրջաններում մասամբ խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, հաղորդել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի էներգետիկ ընկերությանը։ Կիեւի մարզում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են եղել։ Կիեւի քաղաքապետի խոսքով՝ ջրամատակարարումը դադարել է նաեւ Դնեպր գետի ձախ ափի այն տարածքներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է։

Կիեւի տրոլեյբուսային եւ տրամվայի որոշ երթուղիներ ժամանակավորապես չեն գործում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով, իսկ «կանաչ» մետրոյի գծի երթեւեկությունը մասամբ դադարեցվել է, գրել է «Украинская правда»-ն։

Հարվածներ են հասցվել նաեւ Ուկրաինայի այլ շրջաններում։ Զապորոժիեի շրջանում յոթ տարեկան երեխա է զոհվել, եւս չորսը վիրավորվել են։ Դնեպրի հիդրոէլեկտրակայանով երթեւեկությունը մասամբ սահմանափակվել է։ Վնասվել է գազի ենթակառուցվածքը։ Դնեպրոպետրովսկի մարզում հարվածներ են հասցվել էներգետիկ ենթակառուցվածքին, բնակելի շենքերին եւ տրանսպորտին Դնեպրում եւ մի քանի շրջաններում։ Պոլտավայի մարզում վնասվել է ենթակառուցվածքը։ Չերկասիի մարզում «կան նաեւ ենթակառուցվածքային հետեւանքներ»,- ասել է շրջանի ղեկավար Իգոր Տաբուրեցը։