ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղության Նոբելյան մրցանակը շահելու հավանականությունը, ըստ Polymarket խաղադրույքների գործակալության, Մոսկվայի ժամանակով ժամը 8:10-ի դրությամբ 3 տոկոս է։
Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) մարդասիրական կազմակերպության հնարավորությունները գնահատվում են 1 տոկոս։ Ինքը՝ Թրամփը, բազմիցս հայտարարել է, որ արժանի է մրցանակին եւ պնդել, որ «ավարտել» է բազմաթիվ պատերազմներ։
Նորվեգիայի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի նախկին ղեկավար Հենրիկ Ուրդալը, որն ամեն տարի կազմում է հավանական թեկնածուների ցուցակը, դեռեւս հունվարին հավանական էր համարել, որ Սուդանի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնները այս տարի կշահեն մրցանակը։ Polymarket-ի տվյալներով՝ նրանց հաղթելու հավանականությունը 18 տոկոս է։
Նոբելյան շաբաթը բացվել է Ստոկհոլմում հոկտեմբերի 6-ին: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի Օսլոյում հոկտեմբերի 10-ին: 2025թ․ Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է ընդհանուր առմամբ 338 թեկնածու՝ 244 անհատ եւ 94 կազմակերպություն: Նրանց թվում են, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Առաջադրվածների ռեկորդային թիվ գրանցվել է 2016թ․, երբ եղել է 376 թեկնածու:





























