Այս տարի ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների արդյունքում, որով փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը զգալի ավելացել է, պետական բյուջե հարկային մուտքերն աճել են: Մասնավորապես 2025 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովել է 1 տրիլիոն 769 միլիարդ 300 միլիոն դրամ գումար, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 221.17 մլրդ դրամով կամ 14.29%-ով:
Փոքր և միջին բիզնեսի վրա հարկային նոր քաղաքականության ազդեցության շուրջ NEWS.am-ը զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ ներկայումս ՀՀ-ում գործող հարկման դրույքաչափերը ոչ օպտիմալ ծանրաբեռնվածություն են ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համար, իսկ պետության տեսանկյունից՝ նշված իրավիճակը հանգեցնում է նաև հարկերի անհավաքագրելիության խնդրին: ՀՀ-ում հարկերից խուսափելու հիմնական պատճառն, ըստ տնտեսագետի՝ ներկայիս տնտեսական պայմաններում բարձր հարկային բեռն է, այսինքն՝ ուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեության հարկման բարձր դրույքաչափերը:
«Թերևս դժվար է հստակ հաշվի առնել ողջ տնտեսության իրական արտադրողական ներուժի հնարավորությունները, և հետո՝ մեզ մոտ հարկման դրույքաչափերը սահմանվել են արտասահմանյան որոշ երկրներում գործող հարկման դրույքաչափերին մոտ: Մինչդեռ սոցիալ-տնտեսական վիճակը, և հատկապես՝ հասարակության կենսամակարդակը ըստ շերտավորվածության հաշվի առնելը արդյունավետ հարկման դրույքաչափերի դուրսբերման գործում լրջագույն բարդություններ է ենթադրում»,-ասաց նա:
Նշենք, որ 2023 և 2024 թվականների տվյալներով ՀՀ տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բացարձակ արժեքով կազմել է համապատասխանաբար 9,492.5 մլրդ. ՀՀ դրամ և 10,193.4 մլրդ. ՀՀ դրամ, իսկ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են համապատասխանաբար 2,221.9 մլրդ. ՀՀ դրամ և 2,390.9 մլրդ. ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական ցուցանիշների՝ «հավաքագրված հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար 23.4 և 23.5 տոկոս:
Կարեն Մամիկոնյանի դիտարկմամբ՝ հաշվարկի մեջ ներառելով հարկային մուտքերի պահուստ հանդիսացող հարկային ապառքների ներուժը, հարաբերական հարկային բեռի ցուցանիշը և 2023 և 2024 թվականների համար կդառնա 24 տոկոս: Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, ապա վերջինիս ազդեցությունը հարկային եկամուտների նվազման վրա, ըստ տնտեսագետի անխուսափելի է:
«Տարբեր հետազոտողների հաշվարկներով ՀՀ-ում ստվերային տնտեսության միջին ցուցանիշը 2019-2024 թվականների համար տատանվել է ֆորմալ ՀՆԱ-ի 22-ից 27 տոկոսի միջակայքում, ինչը վկայում է տնտեսությունում ստվերի բարձր մակարդակի մասին: Հայաստանում յուրաքանչյուր ժամանակաշրջանին համապատասխան տնտեսվարող սուբյեկտների մի ստվար զանգված օբյեկտիվորեն կամ ոչ օբյեկտիվորեն չի կարողանում կրել առկա հարկային բեռը (հարկերը թաքցվում են), ինչի պատճառով էլ տեղի է ունենում հարկերի թերհավաքագրում։ Այս տնտեսվարողների համար ընտրության տարբերակներն են՝ կամ իրականացնել ստվերային գործարքներ, կամ դադարեցնել իրենց գործունեությունը, կամ էլ՝ լինել ազնիվ հարկ վճարող, սակայն կուտակված հարկային պարտավորությունների պատճառով հայտնվել սնանկության գործընթացում։ Արդարության համար պետք է նշել, որ կան նաև տնտեսվարողներ այնպիսիք, ովքեր ի վիճակի են, սակայն չեն ցանկանում ամբողջությամբ կրել հարկային բեռը. նշվածը թերևս կախված է տվյալ սուբյեկտների կողմից դրսևորվող բիզնեսի հոգեբանությունից»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մեր երկրի հարկային համակարգը պահանջ ունի տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքարում կիրառել հարկային բեռի օպտիմալ կառավարման հիմնարար մեթոդներ:
Որպես օրինակ՝ տնտեսագետը վկայակոչեց նոբելյան մրցանակակիր Ջոն Նեշի հայտնի հայեցակարգը, ըստ որի «կոնֆլիկտի մասնակիցները պետք է օգտագործեն օպտիմալ ռազմավարություն, որը հանգեցնում է կայուն հավասարակշռության ստեղծմանը. խաղացողների համար ձեռնտու է պահպանել այս հավասարակշռությունը, քանի որ ցանկացած փոփոխություն կվատթարացնի նրանց դիրքը»:
Վկայակոչելով իր կատարած հետազոտությունը, տնտեսագետն առանցքային է համարում հարկման դրույքաչափերի հավասարակշռության գաղափարի հիմքում վերաձևակերպված հենց այս հայեցակարգային սկզբունքը, ըստ որի՝ «Կոնֆլիկտի մասնակից կողմերը երբ ձգտում են «առավելագույն օգուտ» ստանալ, առավելապես կայուն կհամարվի այն ընդհանուր արդյունքի նվազագույնը, որից առավել կողմերից ոչ մեկը չի կարող օգուտ ստանալ՝ առանց մյուսների ռազմավարությունների փոփոխության»:
«Լաֆերի հարկման պրոգրեսիվության և բյուջեի հարկային եկամուտների միջև կախվածության գաղափարի հիմքում ի սկզբանե ընկած է «հավասարակշռության 50%» սկզբունքը, որը հայտնի է «Լաֆերի կոր» անվանմամբ: Վերջինիս համաձայն՝ որքան բարձր են հարկման սահմանային դրույքները, այնքան հարկ վճարողների կողմից հարկերից խուսափելու արդյունքում ընդլայնվում է տնտեսության ստվերային հատվածը: Որոշ հեղինակներ նշում են, որ իրականում այն տնտեսությունների համար, որտեղ միջին հարկային դրույքաչափի փաստացի արժեքը գերազանցել է 30%-ը, լիովին թույլատրելի է, որ օպտիմալ համարվի հարկային 35-37 տոկոսանոց դրույքաչափը: Այս սկզբունքի համաձայն եկամուտների գանձման 40-50 տոկոս դրույքաչափի պայմաններում բյուջեի մուտքերի աճը սկսում է դանդաղել, իսկ երբ դրույքաչափը բարձրանում է 50 տոկոսից, որն անվանվել է «արգելված գոտի», նկատվում է ոչ միայն բյուջեի մուտքերի, այլև խնայողությունների և ներդրումների կտրուկ նվազում, ինչպես նաև հարկերի թերհավաքագրում: Ի դեպ, հայտնի է, որ Լաֆերի կորը էմպիրիկորեն հաստատվել է ԱՄՆ-ում վերջին 100 տարիների ընթացքում առնվազն երեք անգամ՝ 1920թ.-ին, 1960թ.-ին և 1980թ.-ին, իսկ բացի ԱՄՆ-ից նաև Միացյալ Թագավորությունում 1980թ.-ին, Իռլանդիայում 1990թ.-ին և այլն»,-բացատրեց տնտեսագետը:
ՀՀ-ում հարկման արդյունավետության գնահատականի խնդիրն, ըստ տնտեսագետի, կարելի է լուծել ներկայացված այս երկու հավասարակշռության սկզբունքների կիրառման մեթոդական մոտեցման շրջանակներում:
Ներկայացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ՀՀ-ում արդյունավետ հարկման դրույքաչափերը ստացվել են հետևյալ կերպ.
- Շահութահարկ – 19 տոկոս, ԱԱՀ – 18 տոկով
- Եկամտային հարկ - 18 տոկոս, սոցիալական վճար - 5 տոկոս:
- Առևտրից շրջ. հարկ - 6 տոկոս, արտադրությունից շրջ. հարկ - 4 տոկոս, այլ գործունեությունից շրջ. հարկ - 6 տոկոս, հանրային սննդից շրջ. հարկ - 7 տոկոս:




























