Այս տարի ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների արդյունքում, որով փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը զգալի ավելացել է, պետական բյուջե հարկային մուտքերն ավելացել են:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ  2025 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովել է 1 տրիլիոն 769 միլիարդ 300 միլիոն դրամ գումար, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 221.17 մլրդ դրամով կամ 14.29%-ով:

Մասնավորապես,  2025 թվականի հունվար-օգոստոսին ԱԱՀ-ի գծով ապահովվել է  567.29 մլրդ դրամ եկամուտ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է 109.52 մլրդ դրամով կամ 23.92 %-ով, ահութահարկի գծով ապահովվել է 306.39 մլրդ դրամ եկամուտ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից  ավելի է 49.32 մլրդ դրամով կամ 19.19 %-ով, իսկ շրջանառության հարկի գծով` 55.27 մլրդ դրամ եկամուտ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից  ավել է 12.0 մլրդ դրամով կամ 27.79 %-ով:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ:

 NEWS.am-ի ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ այս փոփոխություններից հետո բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատարեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն են ծավալում ստվերում: