Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան բանակցություններ են վարում առաջիկա ամիսներին Octopus համատեղ նախագծի իրականացման շուրջ, որը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի արտադրություն եւ դրանց հետագա մատակարարում Կիեւ: Այս մասին Bloomberg գործակալության հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը։
«Մենք շուտով ամսական մոտ 2 000 անօդաչու թռչող սարք կարտադրենք Ուկրաինա մատակարարելու համար, որպեսզի դրանք կարողանան օգտագործվել ռուսական անօդաչու թռչող սարքերը որսալու համար»,- ասել է նա։
Նա ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան նախատեսում է համագործակցել Ուկրաինայի հետ այլ համատեղ նախագծերի շուրջ, այդ թվում՝ ավիացիոն ռումբերի արտադրության։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ երկիրը կսկսի անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար: Խոսքը վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, որոնք մշակվել են Ուկրաինայում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ: Նախարարությունը նշել է, որ դրանց արժեքը կազմում է միայն այն հարվածային անօդաչու թռչող սարքերի 10 տոկոսը, որոնք որսալու համար դրանք օգտագործվում են։





























