Թմրավաճառները փորձել են օգտագործել ՄԱԿ-ի դիվանագիտական փոստը` կոկաին փոխադրելու համար: Հույս ունենալով, որ դիվանագիտական փոստը չի ստուգվում, նրանք 16 կգ թմրանյութ են տեղադրել նոութբուքների փաթեթներում եւ կնքել ՄԱԿ-ի նշանով:
Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, ՄԱԿ-ի փոստն ընդունող կենտրոնի աշխատակիցները սպիտակ պայուսակ են հայտնաբերել, որի վրա եղել է ՄԱԿ-ի նշանը: Այն եկել էր Մեխիկոյից, բայց ուղարկողի հասցեն վրան չի եղել: Քանի որ ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ այդ կազմակերպությունում որեւէ մեկը այդ պայուսակն ստացողների ցանկում չի եղել, այն ուղարկվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին:
Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի բաժնի մասնագետները նոութբուքներում 16 կգ կոկաին են հայտնաբերել, որի գինը սեւ շուկայում կազմում է 400 հազար դոլար:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Փոլ Բրոունը ենթադրել է, որ բեռը սխալմամբ է ուղարկվել ՄԱԿ: ՄԱԿ-ի Մեքսիկայի գրասենյակում նույնպես հայտարարել են, որ ոչ մի նման բան չեն ուղարկել:



























