Հոկտեմբերի 10-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ընդունել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Նշվում է, որ Մեդվեդևը Փհենյան է այցելել Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ՝ որպես «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատվիրակության ղեկավար։
ԿԺԴՀ-ի առաջնորդը խնդրել է Մեդվեդևին իր ողջույնները փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նա նաև հույս է հայտնել, որ ՌԴ իշխող կուսակցության նախագահի այցը «նշանավոր պահ կծառայի նոր մակարդակի բարձրացած ռուս-կորեական հարաբերությունների հետագա դինամիկ ընդլայնման և զարգացման համար՝ դեպի հզոր, համապարփակ ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ»։
Մեդվեդևն, իր հերթին, նշել է, որ «Կուրսկի մարզի շրջաններն ազատագրելու գործողության մեջ կորեացի զինվորականների ցուցաբերած քաջությունն ու անձնազոհությունը վկայել են երկու երկրների միջև եղբայրական կապերի ամրության, արյունով կապված հատուկ փոխադարձ վստահության և դաշնակցային հարաբերությունների անկոտրումության մասին»։ Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն աշխատել՝ երկու կուսակցությունների և երկրների միջև փոխանակումների և համագործակցության հետագա ամրապնդման համար։





























