Դանիան Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարությունների հետ համատեղ աշխատում է նոր պաշտպանական փաթեթի վրա, հաղորդում է BBC News-ը։
Դանիան կգնի երկու նոր Արկտիկական նավ, ծովային պարեկային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և վաղ նախազգուշացման ռադար։
Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում նույնպես կհիմնվի Արկտիկական հրամանատարության նոր շտաբ, իսկ Գրենլանդիայում կստեղծվի Արկտիկական համատեղ հրամանատարության ներքո գտնվող նոր ռազմական ստորաբաժանում։
«Զինված ուժերի խնդիրն է անվտանգություն ապահովել ամբողջ Թագավորությունում և անհրաժեշտության դեպքում, պաշտպանել Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները և Դանիան ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ բոլոր ոլորտներում», - Դանիայի հանրային հեռուստաընկերություն DR-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարարության ղեկավար Մայքլ Հիլդգարդը՝ չմանրամասնելով, թե ով է պոտենցիալ հակառակորդը։
Բացի այդ, կֆինանսավորվի Գրենլանդիան և Դանիան կապող ստորջրյա միջանցքի կառուցումը։
Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը հղում է կատարում զսպման միջոցառումներին և ՆԱՏՕ-ի պարտավորություններին, սակայն չի հիշատակում Միացյալ Նահանգներին կամ Ռուսաստանին։ Սա տեղի է ունենում նախագահ Թրամփի մտադրությունների վերաբերյալ առաջացած մտահոգությունների ֆոնին, ով հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով և դրա հսկայական ռեսուրսների պատճառով։





























