«Կոստա Կոնկորդիա» վթարված զբոսանավի յուրաքանչյուր ուղեւոր կստանա միանվագ փոխհատուցում 11 հազար եվրոյի չափով: Այդ մասին հաղորդել են իտալական տուրօպերատորների Astoi ազգային ընկերակցության ներկայացուցիչները:
Միանվագ վճարման համաձայնությունը ձեռք է բերվել հանձնաժողովի շրջանակներում, որ ստեղծվել էր Astoi-ի նախաձեռնությամբ զբոսանավի սեփականատեր Costa Crociere ընկերության ու սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներից: հատկանշական է, որ 11-հազարական եվրոն վճարվելու է անխտիր բոլոր կենդանի մնացած ուղեւորներին, ներառյալ երեխաներին, նույնիսկ այն դեպքում, երբ ուղեւորները անվճար էին շրջագայում զբոսանավով:
Զոհվածների եւ վիրավորների համար փոխհատուցման ավելի բարձր չափեր են նախատեսված:
Costa Concordia զբոսանավը վթարի է ենթարկվել հունվարի 14-ին Տոսկանայի ափերի մոտ: Նավի վրա 4,2 ահզար մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի 1000 անդամ: Վթարի արդյունքում զոհվել է 16 մարդ, եւս 20-ը անհետ կորած են համարվում:



























