Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին պարգևատրել Նեղոսի շքանշանով, որը արաբական հանրապետության բարձրագույն պետական պարգևն է։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է ԱՄՆ նախագահին պարգևատրել Նեղոսի շքանշանով՝ ի նշան խաղաղության ջանքերին և հակամարտությունների կարգավորմանը նպաստելու գործում նրա ունեցած ակնառու ներդրման և վերջերս՝ Գազայում պատերազմի ավարտի գործում նրա ունեցած կարևոր դերակատարման համար», - ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և պաղեստինյան շարժում ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածի հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ։ Առաջին փուլով ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելը իր զորքերը կհանի մինչև հատվածի ներսում պայմանավորված սահմանը և հարյուրավոր պաղեստինցիների կազատի իսրայելական բանտերից, ներառյալ ահաբեկչության համար ցմահ դատապարտված բազմաթիվ անձանց։