ԱՄՆ նավերի վրա Չինաստանի կողմից սահմանված նավահանգստային վճարները նախատեսված են միջազգային շուկաներում արդար մրցակցություն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչության խոսնակ Լու Դալյանը։
«Նավերի համար նախատեսված նավահանգստային վճարների վերաբերյալ Չինաստանի հակազդեցությունները անհրաժեշտ պատասխան գործողություններ են, որոնք ուղղված են ինչպես չինական արդյունաբերության և ձեռնարկությունների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությանը, այնպես էլ միջազգային նավագնացության և նավաշինության շուկաներում արդար մրցակցության պահպանմանը», - ընդգծել է նա մամուլի ասուլիսում։
Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, Վաշինգտոնի կողմից ընդունված նմանատիպ միջոցառումները պետք է դիտարկել որպես պրոտեկցիոնիզմի և միակողմանի քաղաքականության տիպիկ դրսևորում, որը խտրական բնույթ է կրում։ «Մենք հույս ունենք, որ ամերիկյան կողմը կգիտակցի իր սխալները, Չինաստանի հետ կհամագործակցի փոխադարձ համաձայնության ոգով, կվերադառնա երկխոսության և խորհրդակցությունների ճիշտ ուղուն»,- ամփոփել է Լյույ Դալյանը։
Հոկտեմբերի 14-ին Չինաստանում ուժի մեջ կմտնի որոշում, որով հատուկ նավահանգստային վճարներ են սահմանվում ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավերի համար՝ թե՛ ԱՄՆ անհատներին պատկանող, թե՛ այն ընկերությունների և այլ կազմակերպությունների կողմից շահագործվող նավերի, որոնցում ամերիկացի քաղաքացիները ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են բաժնետոմսերի առնվազն 25%-ին (քվեարկության իրավունք, տնօրենների խորհրդի անդամներ), ինչպես նաև Չինաստանում կառուցված նավերի համար։ Դրանք կգանձվեն 400 յուան (56 դոլար) զուտ գրանցված տոննայի համար, որը 2026 թվականի ապրիլի 17-ին կհասնի 640 յուանի (90 դոլար), 2027 թվականի ապրիլի 17-ին՝ 880 յուանի (123 դոլար) և 2028 թվականի ապրիլի 17-ին՝ 1120 յուանի (157 դոլար)։