Հայաստանը գերմանական Վարկերի վերականգման բանկից (KfW) վարկ և դրամաշնորհ կստանա «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության զարգացման» ծրագրի հետագա իրականացման համար։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կայացած «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկման ժամանակ։
Նախարարը նշել է, որ 26 միլիոն եվրոյի չափով վարկային միջոցները կօգտագործվեն ծրագրի 4-րդ փուլի իրականացման համար, իսկ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհը՝ ուղեկցող խորհրդատվական գործունեության համար։
«Ավելին, ըստ համաձայնագրի, Գերմանիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրված այլ վարկառուներին մինչև 40 միլիոն եվրո արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն կտրամադրի: Միջոցները կօգտագործվեն «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության զարգացում. V փուլ» ծրագրի իրականացման համար: Միջոցները կտրամադրվեն KfW բանկի միջոցով», - ասել է Պապոյանը:
Կհատկացվի նաև մինչև 1 միլիոն եվրո դրամաշնորհ։ Այս միջոցները կօգտագործվեն խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար։
Գերմանական KfW բանկը (Kreditanstalt für Wiederaufbau) աշխատում է զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում տնտեսական ու սոցիալական առաջընթացի ապահովման ուղղությամբ։ Նրա նպատակը հասարակության կենսամակարդակի բարձրացումն է։ Բանկի բաժնետերերն են Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը և երկրի տարբեր վարչատարածքային միավորներ։
Հայաստանում KfW-ն գործունեություն է իրականացնում դեռևս 1998 թվականից՝ ֆինանսական ծրագրեր իրականացնելով միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման, ինչպես նաև էներգետիկայի, տարբեր ենթակառուցվածքների և համայնքային կառավարման ոլորտներում։
Որոշ քննարկումներից հետո կառավարության նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։





























