Երևան քաղաքում ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում որոշ թերություններ են հայտնաբերվել։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը բազմաշերտ է։ Հետևաբար, անհրաժեշտ է տարբերակել մինչև 2005 թվականը կատարված իրավունքների պետական գրանցումները և արդեն այդ թվականից հետո առաջացած դեպքերը։

«Մինչև 2005 թվականը ինքնակամ կառույցները հաճախ օրինականացվում էին առանց հողի սեփականության իրավունքի, ինչը ներկայումս բացառվում է նույնիսկ օրենսդրական մակարդակում։ Այսօր նման հարցերը կարգավորվում են համայնքների զարգացման գլխավոր հատակագծերի հաշվին», - պարզաբանել է Թովմասյանը։

Նա հայտնել է, որ ինքնակամ կառույցների գրանցման վերաբերյալ փաստաթղթերի նոր փաթեթն արդեն ուղարկվել է Կառավարություն և դրա հաստատումից հետո այն կներկայացվի խորհրդարան՝ հետագա քննարկման համար։

«Այն քաղաքացիներին, ովքեր բաց են թողել իրենց կառույցներն օրինականացնելու ժամկետը կամ պարզապես մոռացել են դա անել, հնարավորություն կտրվի գրանցել այդ կառույցները։ Այսպիսով, կհայտնվի ևս մեկ հնարավորություն՝ իրավական դաշտ բերել անշարժ գույքի օբյեկտները, որոնք երկար տարիներ գտնվում էին անորոշ վիճակում», - ընդգծել է պաշտոնյան։

Կոմիտեի ղեկավարը նաև ընդգծել է, որ հողերի վարձակալության կամ վաճառքի հետ կապված հարցերը վերաբերում են համայնքների բացառիկ իրավասությանը։ Իսկ Կադաստրի կոմիտեն իրականացնում է միայն իրավունքների պետական գրանցումը։

«Համայնքն է որոշում՝ վաճառե՞լ, թե՞ վարձակալության տալ հողը։ Մենք պարզապես գրանցում ենք կայացված որոշումները», - նշել է Թովմասյանը։