Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում է ԱԶԵՐԹԱՋ-ը, շնորհավորելով Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, Էլինա Վալտոնենը նշել է դրանց կարևորությունը ԵԱՀԿ տարածքում խաղաղության և կայունության վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համար։
Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների գործունեությունը՝ հիմնվելով Ադրբեջանի և Հայաստանի դիմումի վրա, կդադարեցվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները պայմաններ են ստեղծում խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։
Ալիևն անդրադարձել է TRIPP նախագծի կարևորությանը, որի իրականացման կապակցությամբ Հայաստանը պարտավորություն է ստանձնել Վաշինգտոնում՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից և նշել է, որ այն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար։





























