ԱՄՆ Նյու Յորք նահանգում հայտնաբերվել է տեղական փոխանցվող չիկունգունյա տենդի առաջին դեպքը, հայտարարել է տեղական առողջապահության դեպարտամենտը։
«Հաղորդվել է չիկունգունյա վարակի մեկ դեպքի մասին»,- ասվում է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
The New York Times-ը հայտնել է, որ սեպտեմբերին Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքից 60-ամյա կինը վիրուսի դրական թեստ է հանձնել։ Թերթին տված հարցազրույցում կինը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ վերջերս չի ճանապարհորդել։
Պարբերականը նշել է, որ մասնագետները քննարկում են, թե կինն ինչպես կարող էր վարակվել. մասնավորապես, մոծակը կարող էր ԱՄՆ մուտք գործել ինքնաթիռից կամ զբոսաշրջիկի ուղեբեռից։ Առողջապահության դեպարտամենտը ենթադրել է, որ մոծակը կարող էր կծել Նյու Յորքի բնակչի, որը վարակվել էր չիկունգունյայով արտասահմանում, ինչի արդյունքում մոծակը վարակվել է և դարձել տենդի կրող։
Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չիկունգունյայի նոր ալիք է գրանցել մի քանի երկրում, որոնց թվում՝ այն երկրներում, որտեղ վերջին տարիներին դեպքերի զգալի թիվ չի գրանցվել: Հաշվի առնելով շարունակվող բռնկումները, վիրուսի հետագա տարածման ներուժը մնում է զգալի, ընդգծել է կազմակերպությունը։
Չիկունգունյա տենդը վիրուսային վարակ է, որը մարդկանց է փոխանցվում արյուն ծծող միջատների խայթոցներով: Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է մոծակների երկու տեսակների՝ Aedes aegypti-ի և Aedes albopictus-ի միջոցով: Դրանք կարող են նաև փոխանցել այլ վիրուսներ, մասնավորապես՝ դենգե տենդ: Չիկունգունյայի բնական տարածման տարածքներն են Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի և Հնդկական օվկիանոսի արևադարձային գոտիները, որտեղ ամեն տարի գրանցվում են սեզոնային բռնկումներ, ինչպես նաև Մեքսիկան և Գվատեմալան:





























