Հայկական բանակի 20-ամյակի կապացությամբ փորձեցինք պարզել, թե ինչպիսի բանակային կյանք են ունեցել մեր պաշտոնյաները, թե արդյոք նրանք սիրային նամակներ գրել են, հաուպտվախտ նստել են, զորամասը ինքնակամ լքել են, ծեծել են, թե ծեծվել, ավլել են, թե ոչ:
Այսպես, բանակային տարիները ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի մոտ միմիայն դրական հուշեր են արթնացնում, բանակային ընկերների, հրամանատարների հետ մինչեւ հիմա կապի մեջ է: «Կարծում եմ, որ այն ժամանակ շատ ավելի շատ էին խնդիրները, քան հիմա: Նախ` ոչ կանոնադրային հարաբերությունները ավելի բարդ էին, քան հիմա: Այժմ սպաներն ավելի զգոն են զինվորների նկատմամբ, այդ հանգամանքները հաշվի առնելով` այն ժամանակ ավելի դժվար էր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Թեեւ սովորաբար մայրերն են հուզվում, բայց պատգամավորի բանակ գնալու օրը` 1994 հուլիսի 4-ին, ամենաշատը հուզվել էր հայրը, նրա հայացքը միշտ աչքի առաջ էր: Բանակ նրա համար ուղարկված «տուլիկների» մեջ ամենասպասվածը քաղցրավենիքն էր: Ինչ վերաբերում է ավլելուն, նա նշեց, որ զորամասում հերթապահությունն իրեն էր վստահված եւ ավելի շատ իր օգտագործելի գործիքը ավտոմատն էր, քան ավելը:
«Մեր զորամասում այդ առումով մի փոքր ավելի հեշտ էր, առաջին զինվորներն էինք եւ զորամասում բոլորը ավլել են, երբ զորամաս ենք մտել, կես մետրանոց հող կար դրված, այն ջրով եւ ավելով մաքրելը երկու ամիս տեւեց մինչեւ տակի ասֆլատը հանեցինք»,- անկեղծացավ պատգամավոր:
Ինչ վերաբերում է ծեծվելուն եւ ծեծելուն, ապա զրուցակիցս վստահեցրեց, որ կյանքում չի ծեծվել: Նրան ընդամենը մի անգամ սպան հարվածել է, բայց հաջորդ օրը եկել եւ ներողություն է խնդրել: «Եթե պատասխանեի, զորացրվելուս հրամանը կար, պիտի երկու ամիս ավելի մնայի, ինքը սթափ չէր, երբ սթափվեց, հասկացավ` ինչ է արել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նրա մասնակցությամբ, բանակում երեք անգամ ուժային բախումներ են գրանցվել, դրանցից ամենաթունդը այն էր, երբ երկրորդ հարկից կռիվ անելով` իրար «բոքսելով» իջել են մինչեւ հրապարակ, վերջում հոգնել եւ դադարեցրել են կռիվը:
«Կյանքում կարողացել եմ ինձ եւ կողքիս գտնվողներին պաշտպանել»,- ասաց նա: Բանակի եւ առհասարակ ծառայության ընթացքում արձակուրդ գնալու համար, նրա վստահեցմամբ, երբեւէ որեւէ մեկին գումար չի տվել, խնամի-ծանոթ-բարեկամ չի խառնել: Թեեւ հաուպտվախտ չի նստել, բայց ամբողջ ծառայության ընթացքում մազերը միշտ կարճ են եղել, քանի որ 4 անգամ կտրել են: «Առաջին անգամ երբ գնացինք, մի զինվոր փախավ ծառայությունից, բոլորիս մազերը կտրեցին, երկրորդ անգամ իմ մոտ զինվորները կռիվ էին արել, դրա պատճառով մազերս կտրեցին: Երրորդ անգամ զորամասում մեկը գողություն էր արել, բայց չհայտնաբերեցին, դրա համար էլ պատժեցին, մազերս կտրեցին, չորրորդ անգամ էլ սերժանտները մի քիչ իրենց խելոք չէին պահել, պատժեցին, մազերը կտրեցին, զինվորների կեսը իրենց խելոք չէր պահել, մազերը կտրել էին, հետո զորքի կեսը կտրված մազերով էր, կեսը` ոչ, դրա համար էլ բոլորինը կտրեցին»,- անկեղծացավ նա:
Բանակ գնալիս Արմեն Մարտիրոսյանը ընկերուհի ուներ, բայց սիրային նամակներ չի գրել: «Ես սովորաբար անկանխակալների շրջանում էի, որեւէ մեկն ինձ չէր կարող բան ասեր, ես էլ որեւէ մեկին չէի ասում, երբեւէ խնդիր չի եղել, հարաբերություններում շատ հանգիստ էի, խնդիր չէր առաջանում»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` բանակի հետաքրքրությունն այն էր, որ էկզոտիկ կենդանիների միս է ճաշակել, օրինակ` շնագայլի, օձի, կրիայի, ոզնիի:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունից Գագիկ Մելիքյանը եւս կարոտով է հիշում իր բանակային տարիները եւ ցանկանում է, որ շատերն այդպիսի լավ հուշեր ունենան բանակից: Նա ծնողներից գաղտնի է պահել իր բանակ գնալու օրը. «Հավաքվել էինք ընկերներով մեր տանը, միջոցառում էինք կազմակերպել, նշում էինք, բայց բանակ գնալու օրը եկել են միայն ընկերներս, ծնողներիս տեղյակ չեմ պահել, իրենք իմացել են, որ ես արդեն բանակում եմ»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ բանակ ուղարկվող ծանրոցների մեջ ամեն ինչ սիրում էր եւ կարոտի զգացում էին արթնացնում իր մեջ: Գագիկ Մելիքյանը ծառայել է արեւմտյան Ուկրաինայում եւ երբեւէ փող կամ խնամի, ծանոթ, բարեկամ չի խառնել իր ծառայության տարիներին: «Երբ ծանրոցները ստանում էինք, անկախ նրանից, թե որտեղից էր, բացում էինք վաշտում բոլորի ներկայությամբ եւ դա տեւում էր ընդամենը 5 րոպե»,- ասաց նա: Բանակ գնալիս Գագիկ Մելիքյանը ընկերուհի է ունեցել եւ ծառայության ժամանակ բազմաթիվ սիրային նամակներ է գրել: «Սամավոլկա» էլ է գնացել, բայց երբեք չի բռնվել: Ինչ վերաբերում է ավլել-չավլելու խնդրին, ապա նրա խոսքով` իրենց զորամասում բոլորը նորեկներ էին եւ ամեն ինչ անում էին իրենց հերթապահության ժամանակ: Ուսումնական զորամասից հետո ստացել է սերժանտի կոչում եւ բանակում միշտ ղեկավար դիրքերում է եղել: «Հայաստանից ընդամենը 4 հոգի էինք, եւ բոլորս իրար պաշտպանում էինք, իրար հետ էինք եւ որեւէ խնդիր չի եղել»,- ասաց նա: Բանակում նա ոչ մի անգամ ոչ ծեծել է, ոչ էլ ծեծվել, հաուպտվախտ չի նստել, բայց կցանկանար, որ դա էլ տեսներ:
Մեկ այլ քաղաքական գործչի` ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանի մոտ բանակային տարիներից մնացել են ոչ միայն լավ հուշերը, այլեւ բազմաթիվ ընկերներ: Նա ծառայել է Հայաստանի Զինված ուժերում` 1996-1998թթ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ իր բանակ գնալուց առաջ խնջույք են կազմակերպել, իսկ ճանապարհելու օրը ամենաշատը մայրիկն էր հուզվել:Նրա համար ամենասպասված բանը ոչ թե բանակ ուղարկվող «ծանրոցներն էին», այլ հարազատների, սիրելիի նամակները, նրանց այցելությունները: Իր համար ծառայության երկրորդ հատվածը, երբ մարտական դիրքերում էր, ավելի լավն էր, քանի որ ավելի մոտիկից էր առնչվում հայրենիքի պաշտպանությանը:Նա հավաստիացրեց, որ ծառայության տարիներին երբեւէ խնամի-ծանոթ-բարեկամ, գումար «չի խառնել»: Վահե Էնֆիաջյանը զորամասը ինքնակամ լքել է, հաուպտխավտ էլ է նստել: Ինչ վերաբերում է ուժային բախումներին, ապա նա նշեց, որ եթե ինչ-որ բան է եղել, ապա խոսակցությունների մակարդակով լուծել են, բանը չի հասել բռնցուքներին: Նա նշեց, որ ծառայության ընթացքում երբեւէ ավլել, չավլելու խնդիր չի ունեցել, երբեք չի ավլել, ու բանակում երբեք իրեն ճնշված չի զգացել: Միակ նեղությունը, որ բանակում կրել է, մտերիմների նկատմամբ կարոտն է:

Նշենք, որ 1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշմամբ սկիզբ դրվեց Հայկական Ազգային բանակին: Հայկական բանակի կայացման տարիներն են համարվում 1988-1992 թվականները, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրման պատճառով ծագեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ ժամանակահատվածում երկրի անվտանգությունը եւ ԼՂՀ բնակչությանը պաշտպանում էին կամավորական ջոկատները: 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ՆԳՆ Հատուկ գնդի ստեղծման մասին որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին Կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն: 2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ Ազգային բանակի օրը դարձավ ոչ աշխատանքային:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























