Միացյալ Նահանգների Սենատը արդեն իններորդ անգամ չկարողացավ համաձայնության գալ դաշնային կառավարության ֆինանսավորման շուրջ։ Այսպիսով, ԱՄՆ կառավարության աշխատանքի ժամանակավոր սառեցումը շարունակվում է ավելի քան երկու շաբաթ։ Բռնի պարապուրդի յուրաքանչյուր օրը կարող է ամերիկյան տնտեսությանը արժենալ 15 միլիարդ դոլար, իսկ մոտ 10 հազար պետական ծառայողներ կարող են զրկվել իրենց աշխատատեղերից։
«Մենք կարծում ենք, որ շաթդաունը կարող է ամերիկյան տնտեսությանը օրական մինչև 15 միլիարդ դոլարի վնաս հասցնել», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNBC հեռուստաալիքի կողմից Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ամենամյա հանդիպումների շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ։
Ստեղծված իրավիճակը կարող է ծայրահեղ բարդ դառնալ ամերիկացի պետական ծառայողների հազարավոր ընտանիքների համար։ Բյուջետային ֆինանսավորման բացակայության ֆոնին Սպիտակ տանը քննարկում են ամերիկյան հաստատությունների ու գերատեսչությունների շուրջ 10 հազար աշխատակցի կրճատման հնարավորությունը։
«Ես կարծում եմ, որ ի վերջո մենք, հավանաբար, 10 հազարով քիչ կլինենք», - ասել է ԱՄՆ Վարչական-բյուջետային վարչության տնօրեն Ռասել Վոութը Չարլի Քիրքի շոուին տված հարցազրույցում։ - «Մենք ցանկանում ենք շատ ագրեսիվ լինել բյուրոկրատիան կրճատելու հարցում, որտեղ դա հնարավոր է»։
Բյուրոկրատական ապարատի կրճատման գործընթացը Միացյալ Նահանգներում մեկնարկել է հոկտեմբերի 1-ից՝ շաթդաունի հետ միաժամանակ։ Երկուս ու կես շաբաթվա ընթացքում ութ դաշնային գործակալություններից ավելի քան 4 հազար աշխատակից է ազատվել աշխատանքից։ Ամենաշատը տուժել են ֆինանսների, առողջապահության, ինչպես նաև կրթության և բնակարանային շինարարության նախարարությունների աշխատակիցները։
Թրամփի վարչակազմի կողմից բյուրոկրատական ապարատի կրճատմանն ուղղված գործողությունները բախվում են դատական մարմինների հակազդեցությանը։ Չորեքշաբթի օրը Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատավոր Սյուզան Իլսթոնը պարտավորեցրել է Սպիտակ տանը դադարեցնել զանգվածային ազատումները շաթդաունի ընթացքում, մինչ նա քննում է արհմիությունների բողոքները, որոնք անօրինական են համարում պետական ծառայողների կրճատումը՝ կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակ։





























