ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 19-ին Փալմ Բիչ (Ֆլորիդայի նահանգ) քաղաքից մեկնել է Նյու Յորք՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, որը կապված է օդանավակայանի մոտ հայտնաբերված որսորդական դիտակետի հետ, որից երևում էր նախագահական Air Force One ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Ըստ նրա տեղեկությունների, անվտանգության նկատառումներից ելնելով, ամերիկացի առաջնորդն ինքնաթիռ է բարձրացել փոքրիկ շարժասանդուղքով։ Ի տարբերություն իր ունեցած սովորության, նախագահը թռիչքուղու վրա չի շփվել լրագրողների հետ։
Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, ԱՄՆ գաղտնի ծառայությունը նախկինում որսորդական դիտակետ էր հայտնաբերել օդանավակայանի մոտակայքում, որը նայում էր Air Force One-ի վայրէջքի գոտուն: Իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով՝ այն, հավանաբար, ստեղծվել է «մի քանի ամիս առաջ»: ՀԴԲ-ն հետաքննում է միջադեպը և հնարավոր կասկածյալների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:
2024 թվականին Թրամփը երկու մահափորձ է վերապրել։ Առաջինը տեղի է ունեցել հուլիսին՝ Բաթլերում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ դիպուկահարի արձակած գնդակը դիպել էր քաղաքական գործչի ականջին։ Սեպտեմբերին ռադիկալ և Ուկրաինային օգնության կողմնակից մեկը կրակ էր բացել Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրի մոտակայքում։ Դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատի աշխատանքային խումբը իր զեկույցում ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների և ղեկավարության վրա է բարդել նախագահի դեմ կատարված առաջին մահափորձը չկանխելու հիմնական պատասխանատվությունը։





























