Երևի չեք լսել, մի անգամ էլ կասեմ, հարցազրույց չենք տալիս։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը։
«Ծառայության մեջ ենք, ժամանակ չկա։ Հետո, եթե ինչ–որ հարցեր կան ոստիկանության հետ, լրատվական ծառայություն դիմեք»,–ասաց նա։
հարցին՝ դուք չգիտե՞ք ինչի ձեր ծառայողները բերման ենթարկեցին քաղաքացիներին, նա պատասխանեց. «Կարող է էստեղ շատ մարդիկ կան, իրենց մասին էլ շատ բան գիտեմ, հո չե՞մ ասելու ձեզ։ Եկեք այսքանով սահմանափակվենք։ Դուք պրոֆեսիոնալ լրագրողներ եք, մենք ձեզ շատ ենք սիրում, գնացեք ձեր աշխատանքն ուրի տեղ արեք»։
Նշենք, որ քիչ առաջ դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ տարան քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ուժայինները նաև կոտրեցին ապակիները։ Երբ Վարդան Ղուկասյանին վազելով տանում էին դեպի ավտոմեքենան, նա ժպտում էր։։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում էր։
Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել էին և դռան մոտ զինված ոստիկաններ էին կանգնած։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։





























