Միացյալ Նահանգները ստիպում է երրորդ երկրներին ընդունել արտաքսված օտարերկրացիներին՝ Վաշինգտոնից բոնուսներ ստանալու դիմաց, հաղորդում է «Pais» թերթը։
«Մաքսատուրքերը, մուտքի արգելքները (ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընդունված ներգաղթյալի համար կանխիկ վճարումներ) կամ աֆրիկյան երկրների ներքին քաղաքականությունը չքննադատելու, ինչպես նաև ապագայում Վաշինգտոնից բոնուս ստանալու խոստումը՝ այս ամենը նույնպես ԱՄՆ-ի կողմից օգտագործվող միջոցներ են», - ասվում է հրապարակման մեջ։
Նյութում նշվում է, որ ԱՄՆ-ն Գանային ստիպել է ընդունել արտաքսվող օտարերկրացիներին՝ այդ երկրի նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու միջոցով, մինչդեռ Ռուանդան պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱՄՆ-ից արտաքսված անօրինական ներգաղթյալներին՝ քաղաքական զիջումների և դրամական հատուցման դիմաց։
Նաև Pais-ը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված Էսվատինիի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագիրը, հայտնում է, որ այդ աֆրիկյան երկիրը 5,1 միլիոն դոլարի դիմաց կընդունի Միացյալ Նահանգներից արտաքսվող 160 ներգաղթյալի։ Ըստ թերթի տեղեկությունների, այդ երկրում արդեն հայտնվել են Ճամայկայի, Կուբայի, Լաոսի, Վիետնամի և Եմենի քաղաքացիներ, իսկ նրանց փաստաբանները հայտնում են Էսվատինիում այդ մարդկանց պահման սարսափելի պայմանների և նրանց հետ կապ պահպանելու դժվարությունների մասին։
Նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում Դոնալդ Թրամփը, երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, խոստացել է անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։ Նա նաև ազգային արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Միացյալ Նահանգների հարավային սահմանին տիրող իրավիճակի պատճառով։





























