Վայոց ձորի նարնջակարմիր ժայռերի մեջ, կոկիկ խնամված խաղողի այգում, թարմաների արանքում ուտեստների առատությունից ճկված սեղաններ են։

Դրանց վրա տնական գինիներ են, ավանդական շորվա ու ղափամա, հալվա ու պասուց տոլմա, ինչպես նաև չիր ու մեղր, որոնք արտադրվել են այստեղ իրականացվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի նախաձեռնությունների շրջանակում։

Երեխաները բեմում կատարում են սեփական երգերը։ Նրանց հնարավորություն է ընձեռվել կիթառ նվագել սովորել ևս ՄԱԶԾ նախաձեռնություններից մեկի շրջանակում։ Այսպես Արենի համայնքը նշում է Հայաստանում ՄԱԶԾ գործունեության 30-ամյակը։ Այն կարևոր դեր է խաղացել համայնքի զարգացման և նրա բիզնեսի ու զբոսաշրջության ներուժի իրացման գործում։

Վայոց Ձորի Արենի համայնքում ՄԱԶԾ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում իրականացվել է 11 տեղական նախաձեռնություն ընդհանուր 250 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի միջոցով, ասում է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Նրա խոսքով, 2021 թվականին Եվրամիության աջակցությամբ մեկնարկած այս ծրագրի իրականացման ընթացքում Արենի համայնքը ստեղծել է օրինակելի, վերարտադրելի մոդելներ, և այժմ այդ փորձը փոխանցում է Նոյեմբերյանին, Կապանին և Գյումրիին։
«Արենին մեր չեմպիոն համայնքներից մեկն է, երբ խոսքը այլ համայնքների հետ համագործակցության մասին է», - նշում է նա։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ընդգծում է նաև ծրագրի կարևորությունը գենդերային հավասարության ամրապնդման և երիտասարդների ներգրավման գործում։ Ըստ նրա՝ նախաձեռնություններին մասնակցել է ավելի քան 120 կին և երիտասարդ։ ՄԱԶԾ-ն Արենիում աջակցում է նաև մի շարք տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը․Honey-Money, Sweet House և «Չիր-Չիր»։
Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը իր ելույթում ևս նշում է, որ ՄԱԶԾ աջակցությամբ Արենին փորձարկել և կյանքի է կոչել մի շարք մոդելներ, որոնք այսօր արդեն ազգային մակարդակով օրինակելի փորձ են։ Ըստ նրա, ՄԱԶԾ աջակցությամբ իրականացված ծրագրերը նպաստել են համայնքում էներգախնայողությանը, տեղական բիզնեսի և տուրիզմի զարգացմանը։

Համայնքի ղեկավարը «Արենի համայնքում կատարած ներդրումների, համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար» շնոորհակալագրեր է հանձնում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՀՀՏԶ հայաստանյան ծրագրի համակարգող Քրիստ Մարուքյանին և ծրագրի այլ մասնակիցներին։
Լրագրողների հետ զրույցում Նաթիա Նացվլիշվիլին նշում է, որ ՄԱԶԾ-ն ընդարձակ համագործակցության ծրագրեր ունի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և մասնավորապես Վայոց Ձորում և Արենի համայնքում։
«Վերջին 30 տարվա ընթացքում մենք փորձել ենք նպաստել Հայաստանի զարգացմանը կոնկրետ հետագծով։ Հատկապես Արենիում ունենք բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք միտված են տեղական զարգացմանը, բիզնես աճին, կանանց հզորացմանը, երիտասարդների հզորացմանը։ Վայոց Ձորը և Արենին բավականին մեծ փոխակերպումներով են անցել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է համայնքը աճել, ինչպես են զարգացել փոքր տնտեսությունները, բիզնեսները, ինչպես են զարգացել զբոսաշրջությունը, հատկապես գինու շնորհիվ», - ասում է նա։
«Քայլելով փոփոխությունների միջով. ՄԱԶԾ-ի 30 տարիները Հայաստանում» ֆիլմի ցուցադրություն, որը ներկայացնում է կազմակերպության ձեռքբերումները Հայաստանում երեք տասնամյակների ընթացքում։ Ավանդական խաղեր ու հատուկ քվեսթ, որի հարցերը նվիրված են ՄԱԶԾ 30-ամյա գործունեությանը Հայաստանում։




























