ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ տարի կայցելի Չինաստան։
«Ինձ հրավիրել են Չինաստան, և ես նախատեսում եմ դա անել հաջորդ տարվա սկզբին։ Մենք արդեն կատարել ենք բոլոր պայմանավորվածությունները»,- ըստ Reuters-ի՝ ասել է Թրամփը։
«Ըստ իս, Չինաստանը մեզ մեծ հարգանքով է վերաբերվում. նրանք մեզ հսկայական գումարներ են վճարում մաքսատուրքերի տեսքով»,- ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չինաստանը վճարում է 55%, իսկ նոյեմբերի 1-ից սկսած, եթե մենք գործարք չկնքենք, նրանք 155% կվճարեն»,- ըստ Hindustan Times-ի՝ հայտարարել է Թրամփը:
Նա կրկնել է, որ Հարավային Կորեայում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Մի քանի շաբաթից կհանդիպենք Հարավային Կորեայում և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Կարծում եմ՝ կաշխատենք մի բանի վրա, որը օգտակար կլինի երկու երկրների համար էլ։ Ըստ իս, մենք կհասնենք շատ լավ առևտրային համաձայնագրի։ Թերևս երկուսս էլ գոհ լինենք»,- նշել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Պեկինին սպառնալ «ինքնաթիռներով»՝ ակնարկելով ինքնաթիռների գնման արտահանման վերահսկողություն մտցնելու հնարավորության մասին։
«Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք։ Նրանք մեզ սպառնացին հազվագյուտ մետաղներով, իսկ ես սպառնացի նրանց մաքսատուրքերով, բայց կարող էի սպառնալ նրանց շատ այլ բաներով, օրինակ՝ ինքնաթիռներով»,- ասել է նա։
Վերջերս Թրամփը 100%-անոց մաքսատուրքեր սահմանեց Չինաստանի նկատմամբ, երբ Պեկինը նոր արտահանման վերահսկողություն սահմանեց հազվագյուտ մետաղների նկատմամբ։
«Կարծում եմ՝ մենք լավ կլինենք Չինաստանի հետ։ Ըստ իս, մենք կկարգավորենք հարցրեը Թայվանի հետ։ Ես չեմ տեսնում, թե որևէ բան կպատահի»,- ըստ CNN-ի՝ նշել է ԱՄՆ նախագահը։





























