Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրադադարի հաստատման և Թաիլանդի հետ սահմանային հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար, հաղորդում է Khmer Times-ը։

«Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նորին գերազանցություն նախագահ Դոնալդ Թրամփին՝ հրադադարի նախաձեռնման և աջակցության համար, որը, ինչպես սպասվում է, կհանգեցնի Մալայզիայում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե հանգամանքները մնան անփոփոխ։ Ես նաև երախտագիտություն եմ հայտնում Չինաստանի ղեկավարությանը՝ հրադադարի համաձայնագրին ակտիվ մասնակցության համար և հատուկ շնորհակալություն եմ հայտնում Նորին գերազանցություն Անվար Իբրահիմին՝ Մալայզիայի վարչապետին», հայտարարել է Կամբոջայի կառավարության ղեկավարը։

Երկուշաբթի օրը «Khmer Times»-ը, հղում անելով Կամբոջայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոքհոնին, հայտնել էր, որ Կամբոջան և Թաիլանդը, այս ամսվա վերջին Կուալա Լումպուրում կայանալիք Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 47-րդ գագաթնաժողովի ընթացքում, մտադիր են ստորագրել սահմանային հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղության համաձայնագիր՝ ԱՄՆ-ի և Մալայզիայի միջնորդությամբ։ Նրա խոսքով, անցած շաբաթվա վերջին Կուալա Լումպուրում Մալայզիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ խորհրդակցական հանդիպման ժամանակ Կամբոջան և Թաիլանդը համաձայնեցրել են մի փաստաթուղթ, որը կոչված է վերջ դնելու Պնոմպենի և Բանգկոկի միջև առկա սահմանային հակամարտությանը, ինչը կարևոր քայլ կլինի համատեղ սահմանին բազմամսյա լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ։

Այս տարվա հուլիսի 24-ին Կամբոջայի Օդդար-Միենչեյ նահանգում վիճելի սահմանամերձ գոտու մոտ զինված բախումներ են բռնկվել Թաիլանդի և Կամբոջայի միջև։ Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ կործանիչներ են գործի դրել՝ կամբոջական ուժերի դիրքերին կրակելու համար՝ ի պատասխան նրանց կողմից ծանր սպառազինության կիրառման։ Կամբոջայի ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ բանակը գործում է ինքնապաշտպանության շրջանակներում։ Հուլիսի 28-ին ԱՍԵԱՆ-ի գործող նախագահ, Մալայզիայի կառավարության ղեկավար Անվար Իբրահիմը հայտարարել է երկրների միջև զինադադարի մասին՝ Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքներով։

Դրանից հետո արդեն տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, երբ թաիլանդցի զինծառայողները պայթել են ականների վրա։ Սեպտեմբերի վերջին, ինչպես տեղեկացրել է Թաիլանդի ԱԳՆ-ն, կամբոջական զինվորականները հրաձգային զենքերից և նռնականետերից կրակել են Թաիլանդի տարածքի վրա, ինչի կապակցությամբ թաիլանդցի զինծառայողները բերվել են մարտական պատրաստականության։