Լեհաստանում ձերբակալվել է Ուկրաինայի մի քաղաքացի, որը ենթադրաբար աշխատել է Ռուսաստանի հետախուզական գործակալությունների համար իրականացվող դիվերսիոն արշավի շրջանակներում, ևս երկուսը ձերբակալվել են Ռումինիայում, հաղորդում է Associated Press-ը։
Դատախազությունը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունների անունից գործող անձինք, ենթադրաբար, նախապատրաստել են դիվերսիոն գործողություններ, որոնք կապված են եղել Ուկրաինայում բեռների առաքման հետ։ Դրանք պարունակել են պայթուցիկ և այրվող նյութեր, որոնք պետք է ինքնաբռնկվեին կամ պայթեին փոխադրման ընթացքում։
Լեհաստանի դատախազները հայտարարել են, որ նպատակը բնակչությանը վախեցնելն ու Ուկրաինային աջակցող ԵՄ երկրների անկայունացումը կանխելն էր՝ հավելելով, որ Ռումինիայում ձերբակալվել են նույն դավադրությանը մասնակցելու կասկածանքով Ուկրաինայի ևս երկու քաղաքացիներ։
Ռումինիայի իշխանությունները երեքշաբթի օրը հայտարարել են, որ 21 և 24 տարեկան երկու ուկրաինացիներ, գործելով ռուսական հետախուզության անունից, ինքնաշեն պայթուցիկ սարքերով երկու ծանրոց են հանձնել Բուխարեստի միջազգային առաքման ընկերությանը։
Ռումինիայի հետախուզության մասնագետները վնասազերծել են սարքերը, իսկ ձերբակալվածները 30 օրով հայտնվել են կանխարգելիչ կալանքի տակ։
Լեհաստանում ուկրաինացին եղել է այն ութ անձանցից մեկը, որոնք վերջին օրերին իշխանությունների կողմից ձերբակալվել են երկրի տարածքում դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնել է Ազգային դատախազության ներկայացուցիչը։ Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական ցանցում ութ անձի ձերբակալման մասին հաղորդագրություն է հրապարակել։
Լեհաստանի հատուկ ծառայությունների գործունեությունը համակարգող նախարար Թոմաշ Սեմոնյակը հայտնել է, որ այն գործողությունները, որոնց մասին նշել էր Տուսկը, ներառում էին «ռազմական օբյեկտների և կրիտիկական ենթակառուցվածքների հետախուզում, դիվերսիաների համար ռեսուրսների նախապատրաստում և անմիջական հարձակումների իրականացում»։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Լեհաստանի իշխանությունները տասնյակ մարդկանց են ձերբակալել՝ դիվերսիայի և լրտեսության կասկածանքով։




























