Սլովակիայի դատարանը երեքշաբթի մեղավոր է ճանաչել ահաբեկչության մեջ և 21 տարվա ազատազրկման դատապարտել տղամարդուն՝ անցյալ տարի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի համար, հաղորդում է Associated Press-ը։
Յուրայ Չինտուլան մայրաքաղաք Բրատիսլավայից մոտավորապես 140 կիլոմետր հյուսիս-արևելքում գտնվող Հանդլովայում կառավարության արտագնա նիստից հետո կրակ է բացել Ֆիցոյի վրա 2024 թվականի մայիսի 15-ին, երբ վարչապետը ողջունում էր իր կողմնակիցներին։
72-ամյա Ցինտուլան ձերբակալվել է հարձակումից անմիջապես հետո և կալանավորվել։ Հարցաքննության ժամանակ նա հերքել է, որ ինքն ահաբեկիչ է։
Ֆիցոյին կրակել են որովայնի շրջանում և Հանդլովայից տեղափոխել հարևան Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց։ Նա ենթարկվել է հինգ ժամ տևած վիրահատության, որին երկու օր անց հաջորդել է ևս երկու ժամ տևած վիրահատություն։ Այդ ժամանակվանից նա ապաքինվել է։
Չինտուլան հայտարարել է, որ կրակոցների իր դրդապատճառը կառավարության քաղաքականության հետ անհամաձայնությունն է եղել։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ Բանսկա Բիստրիցայի Մասնագիտացված քրեական դատարանում, բայց հաստատել է, որ իր դրդապատճառների մասին քննիչներին պատմածը ճշմարիտ է։




























