Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ այսօր երկրի խորհրդարանի՝ Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի շենքի առջև «ծանր ահաբեկչական ակտ» է տեղի ունեցել, հայտնում է Tanjug-ը։

«Ես նախ դիմում եմ ձեզ և ներողություն եմ խնդրում այս հրաշալի հավաքույթը լքելու համար», - ասել է Վուչիչը Սերբիայի պալատում իր ելույթի սկզբում՝ ամառանոց գնելու համար դրամաշնորհային միջոցների հանձնման միջոցառման ժամանակ։ «Պատճառը Ազգային ժողովի առջև տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է և ես այսօր պետք է զբաղվեմ դրանով»։

Նա ներողություն է խնդրել, որ ստիպված է եղել լքել միջոցառումը տեղի ունեցածի պատճառով։

Իր հերթին, «Կուրիր» պարբերականը հայտնել է, որ 70-ամյա Վլադան Ա.-ն Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ հրկիզել է Վուչիչի կողմնակիցների վրանը և վիրավորել 57-ամյա Միլան Բ.-ին։

Սերբիայի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարի խոսքով՝ վիրավորը գտնվում է ծանր վիճակում։

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կրակողը խորհրդարանի շենքի առջևի փողոցը շրջափակողներից է եղել։ Շրջափակման մասնակիցները պահանջում են թափանցիկ հետաքննություն անցկացնել Նովի Սադում երկաթուղային կայարանի ցուցանակի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ։ Բացի այդ, շրջափակման մասնակիցները պահանջում են ազատ արձակել ողբերգությունից հետո բռնկված բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին։