Իսպանիայի ազգային ոստիկանությունը հայտարարել է Մադրիդում և շրջակա ռեստորանների տեռասներից մի քանի ամիս աթոռներ գողացող հանցավոր խմբի ձերբակալման մասին, հաղորդում է AP-ն։
Իսպանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ անձի, որոնք կասկածվում են Մադրիդի և հարևան Տալավերա դե լա Ռեյնա քաղաքի ռեստորանների և բարերի բացօթյա տարածքներից ընդամենը երկու ամսվա ընթացքում ավելի քան 1100 աթոռ գողանալու մեջ։
Վեց տղամարդուց և մեկ կնոջից բաղկացած խումբը գողությունները կատարել է գիշերը, ապա աթոռները վաճառել է Իսպանիայում, Մարոկկոյում և Ռումինիայում։ Ոստիկանությունը գողացված գույքի արժեքը գնահատում է մոտավորապես 60 հազար եվրո։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել գողության և հանցավոր կազմակերպությանը պատկանելու մեջ։
Իսպանիայում շատ ռեստորաններ և բարեր գիշերը սեղաններն ու աթոռները թողնում են դրսում. դրանք սովորաբար պատրաստված են մետաղից կամ կոշտ պլաստիկից, պահվում են իրար վրա դարսված՝ շղթաներով ամրացված։




























