Իսպանիան կֆինանսավորի ամերիկյան սպառազինության գնումը՝ այն Ուկրաինային փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է El País թերթը։
Ըստ նրա տեղեկությունների, որոշակի կասկածներից հետո Մադրիդը որոշել է միանալ PURL նախաձեռնությանը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի դաշնակիցները Կիևի համար զենք են գնում ամերիկյան պահեստներից։ Համաձայն 2024 թվականին ստորագրված համաձայնագրի՝ Իսպանիան արդեն իսկ տարեկան 1 միլիարդ եվրոյի ազգային արտադրության սպառազինություն է մատակարարում Ուկրաինային։
Ինչպես նշում է պարբերականը, ԵՄ-ն Կիևին աջակցություն ցուցաբերելու ուղիներ է փնտրում, քանի որ վերջինս բախվում է լուրջ տնտեսական դժվարությունների։ Թերթի աղբյուրները պարզաբանում են, որ այն գումարը, որը պետք է Իսպանիան վճարի, դեռ որոշված չէ։ Մադրիդի կողմից ամերիկյան ռազմական տեխնիկայի գնումը կարող է նպաստել թագավորության և ԱՄՆ-ի միջև եղած լարվածության թուլացմանը, որն առաջացել էր ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանական ծախսերի շուրջ տարաձայնությունների ֆոնին։
Հոկտեմբերի 15-ին Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը չի բացառել, որ երկիրը կարող է միանալ PURL-ին։
Այս նախաձեռնությունը մեկնարկել էր հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։ Սեպտեմբերի 17-ին Կիևում դաշինքի ներկայացուցիչ Պատրիկ Թըրները հայտնել էր, որ Ուկրաինային ամերիկյան տրամադրվող զենքի մատակարարումները շարունակվում են։





























