Կուտակային կենսաթոշակներում փոխանցումներն արվում են հաշվարկված աշխատավարձից, և դա այն գումարներն են, որ թոշակի անցնելուց հետո մարդիկ արդեն կենսաթոշակի ձևով պետք է հետ ստանան։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ շատ դեպքերում գործատուները ամբողջությամբ չեն ներկայացնում աշխատակիցների աշխատավարձերի իրական չափը։
«Երբ խոսում ենք ստվերի, չգրանցված աշխատավարձի մասին, մարդկանց թվում է մենք իրենց հետևից ենք ընկել, մենք իրենց հետևից չենք ընկել, մենք իրենց շահերից ենք ելնում և մեր գործողությունները իրենց շահերը սպասարկելու համար են ներառյալ։ Եթե մենք ուզում ենք պետական բյուջեի եկամուտները մեծացնենք, դա էլ է մարդկանց շահերից ելնում, որովհետև պետական բյուջեի միջոցը նշանակում է դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ և այլն։
Մենք սրա մասին պետք է շատ խոսենք ու չվախենանք կրկնելուց»,–ասաց նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց. «Մի լավ լուր կա, ինձ թվում է, մեր հազարավոր քաղաքացիները առողջության ապահովագրության ներդրումից հետո պահանջելու են իրենց գործատուներից, որ իրենց իրական աշխատավարձերը արտացոլվեն, որովհետև դրանով ստանալու են մի մեծ առավելություն, որը հիմա չունեն։ Այսինքն մեր քաղաքականությունը նպաստելու է, որ եթե օրինակ մարդն իրականում ստանում են 300 հազար դրամ, բայց իրենց մոտ գրած է 75 000 դրամ, գնա և պահանջի, որ իր իրական աշխատավարձը գրանցվի»։
ԿԲ խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ նկատեց, որ վերջին երկու տարվա ընթացքում և հիպոթեկային վարկերի, և սպառողական վարկերի աճը և վճարումները ամբողջը ածանցված է աշխատավարձ ստացող ֆորմալ գրանցված մարդկանց քանակից ու նաև այդ մարդկանց ռեալ գրանցված աշխատավարձերից. «Ուրախալին այն է, որ գրավատների գործունեությունը Հայաստանում չի աճում, լիցենզիաներ են հանձնում, փակվում են գրավատները, որովհետև գրավատան տոկոսադրույքները բարձր են, մարդիկ որ վարկային պատմություն չունեն, խնդիրներ ունեն, նորմալ վարկավորվելու, գնում են այնտեղ»։
Փաշինյանն էլ շարունակեց, որ այս ամենը վկայում է դրական դինամիկայի մասին. «Երբ մի պրոբլեմի առաջ շիվարած կանգնած ես, այդպես էլ կանգնած մնում ես, իսկ երբ այդ պրոբլեմը լուծեցիր, այդ պրոբլեմի լուծումը իր հետ բերում է 10 նոր պրոբլեմ։ Լուծեցիր պրոբլեմ, ստեղծվեց նոր պրոբլեմ, ու այդպես շարունակ, այս պրոցեսը պետք է անընդհատ լինի»։





























