ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր անձնական միջոցները կնվիրաբերի Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցմանը, սակայն դեռեւս չի կարող նշել ստույգ գումարը։
«Որքա՞ն կնվիրաբերեմ։ Մինչեւ չավարտեմ՝ չեմ կարող ասել, բայց կնվիրաբերեմ այնքան, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ հավաքված նվիրատվությունների գումարն արդեն հասել է 300 միլիոն դոլարի։
Բացի այդ, նա ասել է, որ մի դոնոր պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել գումար այն զինվորականների աշխատավարձերը վճարելու համար, ովքեր աշխատավարձ չեն ստացել ԱՄՆ-ում դաշնային կառավարության մասնակի փակման (շաթդաունի) պատճառով։ «Եվ այսօր նա մեզ ուղարկեց 130 միլիոն դոլարի չեկ։ Այդ գումարը կուղղվի զինվորականների կարիքներին»,- ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ չի բացահայտի դոնորի անունը, եթե նա ինքը չխնդրի այդ մասին։
Հուլիսին Թրամփի վարչակազմը որոշել է Սպիտակ տանը կառուցել 200 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ։ Նոր տարածքը կգտնվի 1902թ․ կառուցված Արեւելյան թեւի մոտ։ Պարահանդեսային դահլիճը կզբաղեցնի 8 400 քառակուսի մետր տարածք եւ կկարողանա տեղավորել մինչեւ 650 մարդ միջոցառումների համար։ Շինարարությունը սկսվել է հոկտեմբերին եւ նախատեսվում է ավարտել մինչեւ Թրամփի երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029թ․ հունվարին։
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կողմից որպես պաշտոնական նստավայր մտածված Սպիտակ տան շինարարությունը սկսվել է 1792թ․՝ ճարտարապետ Ջեյմս Հոբենի նախագծով։ Վաշինգտոնն ինքն է ընտրել շենքի տեղը, որի շինարարությունն ավարտվել է 1800թ․ նոյեմբերի 1-ին։ Նույն օրը այնտեղ է տեղափոխվել ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը։ Շենքը վերակառուցվել է 1815-1817թթ․ն՝ 1814թ․ հրդեհից հետո։





























