Հարավամերիկյան հանրապետության նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ կան Կոլումբիայի քաղաքացիներ, որոնք ներգրավված են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, սակայն նրանք ապրում են Միացյալ Նահանգներում եւ օգտագործում են իրենց կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ թմրանյութեր տարածելու համար։

«Կոլումբիական ուլտրաաջերն ապրում են Մայամիում, զբաղվում են թմրանյութերի վաճառքով, զբաղվում են լոբբիստական գործունեությամբ եւ ունեն որոշակի նպատակ։ Այդ նպատակը [Դոնալդ] Թրամփին, նրա հետ բարեկամությունն օգտագործելն է»,- ասել է նա տեղի Noticias Caracol հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրագրողի այն հարցին, թե պետության ղեկավարն ինչպես կարող է մեկնաբանել ԱՄՆ հնարավոր միջամտությունը Կոլումբիայի ներքին գործերին միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով, Պետրոն նորից նշել է, որ թմրանյութերի առեւտրով զբաղվողները բնակվում են ԱՄՆ-ում, եւ Մայամիից բացի՝ հիմնականում Նյու Յորքում։ «Նրանք նաեւ Դուբայում են գտնվում, ապրում են Հռոմում, Մադրիդում եւ այլ քաղաքներում»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Կոլումբիան եւ Մեքսիկան լիովին հայտնվել են թմրակարտելների վերահսկողության տակ։ Միեւնույն ժամանակ, Կոլումբիայի եւ ԱՄՆ առաջնորդներն արդեն մի քանի անգամ բանավեճերի մեջ են մտել։ Univisión հեռուստաալիքի հարցազրույցում Պետրոն հայտնել է, որ աշխարհը պետք է կամ փոխի Թրամփին, կամ «ազատվի նրանից»։ Մեկնաբանելով այս խոսքերը՝ Թրամփն իր կոլումբիացի գործընկերոջն անվանել է «ավազակ եւ վատ մարդ» եւ կոչ է արել նրան հետեւել իր արտահայտություններին՝ սպառնալով հակառակ դեպքում «լուրջ միջոցներ» ձեռնարկել նրա եւ նրա երկրի դեմ։