Ռումինիայի ներգրավումը պատերազմի մեջ բացառվում է։ Այս մասին հայտնել է վարչապետ Իլիե Բոլոժանը Antena 3 CNN հեռուստաալիքի հարցազրույցում։
«Ռումինիան չի ստեղծի իրավիճակներ, որոնք կներքաշեն նրան պատերազմի մեջ»,- ասել է նա։ «Այն, ինչ Ռումինիան անում է հիմա եւ արել է վերջին տարիներին, արվել է իր սահմանները պաշտպանելու, եվրոպական պաշտպանությանը մասնակցելու, Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ եւ եվրոպական գործընկերների հետ ռազմավարական գործընկերությունը պահպանելու եւ ապահովելու համար, եւ փորձել, որպեսզի մեր ձեռք բերած զինատեսակներն ապահովեն մեր երկրի պաշտպանությունը մեր տարածքում»։
«Եվ այս տրամաբանությամբ գործելով, բոլոր լուրերին հակառակ, պատերազմ սկսելու կամ մեր երիտասարդությանը պատերազմ ուղարկելու ոչ մի մտադրություն չկա։ Նման ապատեղեկատվություն, ցավոք, բավական հաճախ է հայտնվում, եւ միանշանակ՝ նման խոսակցությունների իրական հիմքեր չկան»,- ասել է վարչապետը։





























