Քրեական օրենսգրքում (236-րդ հոդվածի 2-րդ մաս. հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը–խմբ) հավաքների կազմակերպչի՝ հավաքի մասնակիցների կեցության, սննդի, տեխնիկայի ծախսերը հավասարեցվել են հանցագործության։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Վահե Գրիգորյանը։
«Այո, անձինք հետապնդվել են այնպիսի գործողությունների համար, որոնք ողջամտորեն տեղավորվում են հավաքի կազմակերպման իրավաչափ, օրինական կոնցեպտի մեջ և չէին կարող դիտարկվել իրավախախտումներ, առավել ևս հանցագործություններ։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, և Վենետիկի հանձնաժողովի կողմից արձանագրված է, որ իշխանություններն օրենքի անորոշությունն օգտագործել են ընդդիմադիրներին, թեկուզ ժամանակավորապես չեզոքացնելու միջոց։ Սահմանադրականության տեսանկյունից սա ամենավտանգավոր մոտեցումն է, երբ օրենքը սկսում է ծառայել ոչ թե ողջ հասարակության շահի գեներացմանը, այլ որոշակի քաղաքական ուժի շահերը սպասարկելու, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ անհատների քաղաքականությունից կամ հասարակական կյանքից հեռացնելու միջոց»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ վերջերս Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին և համարել, որ այն իրավաչափ չէ։
Հելսինկյան կոմիտեի ու Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համատեղ զեկույցում մասնավորապես նշված էր. «Հրատապ կարծիքում երրորդ արարքի վերաբերյալ անդրադարձի բացակայությունը կարող է բացատրվել ԱԺ կողմից ներկայացրած օրենսդրական փաթեթի անգլերեն թարգմանության թերություններով։ Այսպես՝ նախագծի հայերեն բնօրինակում, ինչպես նաև հետագայում ուժի մեջ մտած և այժմ արդեն կիրառված հոդվածի տեքստում նյութապես շահագրգռելու գործողությունները առհասարակ կապված չեն հարկադրանքի հետ։ Մինչդեռ անգլերեն տարբերակում, որի հիման վրա Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կազմել են կարծիքը, հանցակազմը ունեցել է հետևյալ տեսքը` motivating materially to make a person participate in assemblies or refuse to participate in assemblies: Հայերեն կրկին թարգմանելու պարագայում կստանանք հետևյալը՝ մարդուն հավաքներին մասնակցել կամ մասնակցությունից հրաժարվել ստիպելու համար նյութապես շահագրգռելը»։





























